Երեկ Արցախի Պաշտպանության բանակը համացանցում դրեց հերթական ուշագրավ տեսանյութը․ Շուշի-Բերձոր ճանապարհի վրա հայտնված թշնամական դիվերսանտների շարժը դիտարկվում է մեր բանակի ԱԹՍ-ի միջոցով, իսկ այնուհետև տեղի է ունենում նրանց ոչնչացում ճշգրիտ կրակով։

Երբ սկսվում էր այս պատերազմը, թշնամական գլխավոր հաղթաթուղթը ԱԹՍ-երի գծով վիթխարի առավելությունն էր․ թուրքական և իսրայելյան արտադրության այս թռչող հրեշները երկնքից կրակ էին թափում մեր զինվորների վրա և մեր կորուստների գլխավոր պատճառն էին դարձել։ Թշնամուն թվում էր, որ իր մահաբեր մեքենաները կհաղթեն հայ մարդուն և թույլ կտան հեշտորեն ավարտել այս պատերազմը։

Սակայն պատերազմի անցնող օրերին զուգահեռ պարզվեց, որ մենք ոչ միայն սկսում ենք խոցել թշնամու ԱԹՍ-երը, այլև աստիճանաբար երկնքում սկսում են հայտնվել մեր սեփական անօդաչու սարքերը, որոնք դեռ սահմանափակ, բայց օր օրի աճող վնաս են սկսում հասցնել թշնամուն։ Երեկվա կադրերից հետո թշնամու էլ ոչ մի դիվերսանտ չի կարող համոզված լինել, որ իր շարժը չի դիտարկվում, և հաջորդ պահին իրեն չի խոցի մեր ճշգրիտ կրակը։

Ես իրավունք չունեմ բացահայտելու, թե ինչ ԱԹՍ էր երեկ երկնքում, և ինչ խնդիրներ է այն ընդունակ կատարելու, բայց համոզված կարող եմ ասել, որ օր օրի մեր բանակի տրամադրության տակ եղած թռչող սարքերի թիվը ավելանալու է, նրանք ավելի բարդ մարտական խնդիրներ են լուծելու և թշնամուն ավելի ու ավելի մեծ ցավ են պատճառելու։ Մինչ այդ բոլորիդ բարի լույս եմ ցանկանում բարի լուրերի ակնկալիքով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել