Այսօր Գյումրու նորակառույց Մուշ 2-2 թաղամասի բնակչությունը հավաքվել էր և բողոքում էր «Գլենդել Հիլս» շինարարական կազմակերպության, ինչպես նաև ՀՀ Քաղաքաշինության նախարարության անտարբերությունից։ 2012թ. հոկտեմբերին Գյումրիում կառուցապատումից հետո գյումրեցիներին հանձնվեցին 1988թ.-ի երկրաշարժի պատճառով անօթևան դարձածների բնակարանները։ Շահագործումից հետո ի հայտ եկան բազմաթիվ թերություններ, որոնք շինարարական կազմակերպությունը մինչ այսօր չի վերացրել։ Թերությունները տարբեր էին` սկսած սանհանգույցի ոչ աշխատունակությունից, վերջացրած դռների և պատուհանների անսարքությունից և կոտրվածությունից։ Բնակիչներին խաբեցին, թե իբր գրեք դիմումներ, և թերությունները սեղմ ժամկետներում կվերացվեն։ Սակայն 2012թ. հոկտեմբերից մինչ օրս չեն վերացվել թերությունները, և անգամ չեն այցելել ծանոթանալու ծագած խնդիրներին։ Այս խնդրիներից զատ ձմռան ամիսներին բնակարաններում բացակայում էր գազաֆիկացումը, որը, ինչպես նախապես նշել էր շինարարական կազմակերպությունը, կապված է օդատարների, ինչպես նաև գազաֆիկացման համակարգերի սխալ շահագործման հետ։ Ձմռան ցուրտ ամիսները բնակիչները անցկացրեցին լույսով։ Ճիշտ է, նրանց ծախսերը հոգաց «Գլենդել հիլս»-ը, սակայն խոստացավ, որ անպայմանորեն լուծելու է գազաֆիկացման և ջեռուցման խնդիրները։ Շենքերում օդատարների սխալ շահագործման պատճառով տաքացուցիչ սարքերը չեն աշխատում, իսկ եթե անգամ աշխատեն, ապա դրանք վտանգավոր են, քանի որ շմոլ գազը կներթափանցի բնակարանները։

Սկզբում խոստացել էին ուղղել շինարարական թերությունը և տեղադրել այնպիսի տաքացուցիչներ, որոնք կաշխատեն առանց օդատարների (turbo կաթսաներ, որոնք աշխատում են առանց օդատարների): Առկա էին նաև այնպիսի ընտանիքներ, որոնց մոտ տեղադրել էին ոչ թե ջեռուցման կաթսաներ (ariston), այլ տեղադրվել էին սովորական ջրատաքացուցիչներ։ Բոլոր այս թերությունները կազմակերպությունը խոստացել էր վերացնել սեղմ ժամկետներում, սակայն մոտենում է շահագործման հանձնված բնակարանների մեկ տարին, և ինչպես նախապես բնակչությանը իրազեկել էին կազմակերպության վերադասները, նրանք բնակիչներին պարտավոր են սպասարկել մեկ տարվա կտրվածքով։ Երեք ամսից Գյումրիում սկսվում է ձմեռը, և բնակիչները չգիտեն, թե ինչպես են դուրս գալու այս ձմռան տակից, և ինչպես է կարգավորվելու այս հարցը։ Ի դեպ, նշենք նաև, որ որոշ տեղեկությունների համաձայն «Գլենդել Հիլս» շինարարական կազմակերպությունը մեծ պարտքեր ունի և չի կարող շարունակել աշխատանքների իրականացումը և ծագած խնդիրների վերացումը։ Հավաքվածները իրենց վրդովմունքն էին հայտնում և նշում, որ «համարյա մե տարմ խաբեցին ու հմի էլ ձեները չի ելնի։ Ըսկան ժամանակ ձեն չենք հանել, կսեյին թե օրմ չէ օրմ կսարքեն, բայց մինչև այսօր չեն եկել ու չեն ըսել էե ինչ բդի եղնի։ Զզվանք ըսոնցից, մեկ տարի խաբեցին հմի էլ տարին լրացավ մենք ըսոնց որիդեղից բդի տեսնինք։ Ըսպես եղավ մենք գելնինք կերտանք երկրի նախագահի մոտ, թող գեն ինքը մե լուծումմ տա։ Ի հա, հասկցանք 25 տարի փտանք դոմիկների մեջ, ինչ է հմի էլ գուզեն զառցնեն որ բան չհասկնանք։ Մեզի իրանց ձրի լույսը չետք չէ, թող գազը տան մենք մեր վառածի փողը կուդանք», այսպես իրենց վրդովմունքն էին հայտնում մի խումբ բնակիչներ, ովքեր պատրաստվում էին անգամ ստորագրություններ հավաքել և գնալ ՀՀ նախագահի մոտ ներկայացնելու խնդիրը։ 

Ինչպես միշտ ժողովրդին խաբելով նրանց կախման մեջ են պահում պետությունից և նմանօրինակ չինովնիկներից, ովքեր իրենց սեփական եկամուտը առավել են դասում մարդկանց կյանքերից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել