1in.am-ը գրում է.
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում իրական արշավ է սկսվել ներգաղթյալների, մասնավորապես՝ կովկասցի ներգաղթյալների դեմ: Մոսկվայի շուկաներում այս օրերին սկսված պրոֆիլակտիկ գործողության հետևանքով ձերբակալվել է ավելի քան 1000 մարդ: Ոստիկանությունը մայրաքաղաքային շուկաների «մաքրումը» կազմակերպել է այն բանից հետո, երբ շաբաթ օրը շուկաներից մեկում ծեծի է ենթարկվել ոստիկանության աշխատակիցներից մեկը՝ բռնաբարության մեջ կասկածվող կովկասցի ներգաղթյալ տղամարդուն ձերբակալել փորձելիս:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ռուսաստանի «Հակակոռուպցիոն» հանձնաժողովի նախագահի խորհրդական, անկախ իրավապաշտպան Արբակ Խաչատրյանն իր վերլուծությունը ներկայացրեց Ռուսաստանում մեկնարկած՝ ներգաղթյալների մաքրման աշխատանքների վերաբերյալ:
Նա տեղեկացրեց, որ, բնականաբար, այս գործողությունը հայերի դեմ չէր, բոլոր ազգությունների ներգաղթյալների դեմ էր, որով ՌԴ-ն փորձում է ցույց տալ, որ վերջիվերջո օրենք ունի և թույլ չի տա, որ իր տարածքում անօրինական քայլ կատարվի ռուսաստանցու նկատմամբ: Բայց ամեն դեպքում, ըստ նրա, մի շարք անհանգստացնող հանգամանքներ կան, որոնցից մեկն այն է, որ ոստիկանին ծեծելու մեջ կասկածվող անձին պետք է դատեն ցմահ, այսինքն՝ ամենածանր հոդվածով, թեև մահ չի գրանցվել ծեծի արդյունքում:
«Ես կասկածում եմ, թե եղել է բռնաբարություն: Եթե շուկայում նման բան տեղի ունեցած լիներ, սովորական ոստիկանը միայնակ չէր գնա ձերբակալելու մանկապիղծին, այլ բերետավորներով կշրջապատեր նրան ու կձերբակալեր: Իրականում, ըստ իս, դա սովորական ստուգում է եղել, հետո հեռուստատեսությամբ ցույց տվեցին, թե կա տասնհինգ տարեկան աղջկա բռնաբարության մեջ կասկածյալ: Եթե նման բան լիներ, ՌԴ ոստիկանությունն այնպես նրան կշրջապատեր, որ կասկածյալի հարազատները նույնիսկ չէին կարողանա մոտենալ նրան: Ես չեմ հավատում այդ պաշտոնական վարկածին:
Մյուս կասկածս՝ ինչո՞ւ հենց հիմա: Ես ևս կողմ եմ, որ ցանկացած ոստիկանի նկատմամբ ոտնձգություն պետք է խստորեն պատժվի, բայց ինչու՝ երբ ռուս ոստիկանը զենքով գնդակահարում էր խանութում գտնվող ռուս քաղաքացիներին, քանի որ հարբել էր, ասացին, թե նա լավ աշխատող է, չէին ցանկանում նույնիսկ ծանր մեղադրանք առաջադրել: Սա կատարվեց այն ժամանակ, երբ պետք էր այս ակցիան ցույց տալ: Ուստի կարելի է ենթադրել, որ սա օրենքի պաշտպանություն չէ»,- մեկնաբանեց Արբակ Խաչատրյանը:
Վերջինս ասաց, որ այս ակցիան ավելի կծանրացնի կովկասցիների վիճակը Ռուսաստանում, քանի որ միանգամից կովկասցի ներգաղթյալների հարցը ստանում է քաղաքական բնույթ, և ցուցադրվում է, թե տեսեք՝ ոստիկանի համար ինչ ենք անում: Արբակ Խաչատրյանը նշեց, որ հարյուրավոր ձերբակալվածների դեմ քրեական գործեր են հարուցվել Ռուսաստանում՝ գրանցում և աշխատանքային թույլտվություն չունենալու համար: Նրա խոսքով՝ Ռուսաստանում չկա միգրանտներին, նաև հայերին գրանցելու կազմակերպված մեխանիզմ:
«Ես խորհուրդ եմ տալիս գալ և տեսնել, թե ինչ պայմաններում են ապրում հայ միգրանտները Ռուսաստանում՝ նրանք ապրում են բարաքներում: Գրանցումների մոտ 80 տոկոսը միջնորդներն են կատարում, որպեսզի մնալու իրավունք ունենան՝ չհաշված, որ մեծ մասը՝ մոտավորապես 80 տոկոսը, աշխատանքի իրավունք չունեն, այսինքն՝ այդ ստուգումը, որը կատարվում է այս օրերին, սպառնում է նաև հայ միգրանտներին, քանի որ ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը անգործության է մատնված: Դեսպանատունը կարգավորված չէ, համայնքը կարգավորված չէ, միջնորդներն են կատարում գործարքները, այդ փաստաթղթերն ամբողջովին անօրինական են, ու ստուգումը, պարզ է, կհարվածի հայերին, ու քաղաքական կողմն էլ. եթե նախկինում մեկ բան էին անում, բզում էին, աշխատանք էին վարում, օգնում, ապա հիմա չի արվի, և ամբողջ անօրինական բազան կբացվի, իսկ եթե դա բացվեց, խառնաշփոթ կառաջանա:
Ռուսաստանը ցույց է տալիս, որ չի ներելու ռուսների նկատմամբ իրականացվող ոտնձգությունը, ցույց է տալիս, որ եթե գալիս են ՌԴ, պետք է իրենց օրենքներով շարժվեն ու ենթարկվեն իրենց օրենքներին, քանի որ Հյուսիսային Կովկասի ժողովուրդները ծանր հետևանք են թողնում Կենտրոնական Ռուսաստանի, Մոսկվայի վրա, ջահելությունն իրեն այլ կերպ է դրսևորում: Իսկ ամենավտանգավորն այն է, որ կովկասցի ազգությունների միջև տարբերություն չեն դնում, և աա կարող է շատ վտանգավոր լինել, քանի որ խտրականության հողի վրա է կատարվում»,- ասաց Արբակ Խաչատրյանը:
Վերջինս, ինչպես նախկինում, այսօր ևս պնդեց, որ այն հայաստանցիները, որոնք այսօր դեռևս գրանցված չեն ՌԴ-ում, չունեն աշխատանքի թույլտվություն, չեն ստանա ՌԴ-ում ՀՀ դեսպանատան աջակցությունը, քանի որ դեսպանատունը սուտինյորի դեր է կատարում, միայն հեղինակավոր անձանց է ընդունում ու ճանապարհում: «Ի՞նչ օգնություն են ստանում Ռուսաստանում. ոչ մի»,- նկատեց Արբակ Խաչատրյանը: