Իսպանիայի տարբեր քաղաքներում կորոնավիրուսի տարածումը զսպելու համար սահմանված միջոցառումների դեմ նախօրեին անցկացված բողոքի ակցիաները վերածվել են անկարգությունների և ոստիկանության հետ բախումների: Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, նման ցույցերից մեկը տեղի է ունեցել Մադրիդում։

Իսպանիայի մայրաքաղաքի կենտրոնում սահմանափակումների դեմ բողոքի ակցիայից հետո մի խումբ ցուցարարներ փորձել են փակել քաղաքի առանցքային փողոցներից մեկի երթևեկությունը, հրկիզել են աղբամանները և բարիկադներ կառուցել։ Հավաքվածները նաև քարեր են նետել խանութների ցուցափեղկերի վրա։ Արդյունքում ձերբակալվել է 32 մարդ, տուժել է երեք ոստիկան։

Անկարգություններով ավարտվել է նաև Ռիոխա ինքնավար համայնքի մայրաքաղաք Լոգրոնյոյի կենտրոնում տեղի ունեցած ակցիան։ Գրեթե 150 մարդ, հիմնականում երիտասարդներ, քարեր են նետել ոստիկանների վրա, այրել են աղբամանները, փակել ճանապարհը, կոտրել խանութների ցուցափեղկերը, թալանել որոշ առևտրի կետեր։ Արդյունքում ոստիկանությունն ուժ է կիրառել բողոքի մասնակիցների նկատմամբ, ձերբակալվել է յոթ մարդ, իրավապահ մարմինների յոթ աշխատակիցներ տուժել են:

Անկարգությունները տեղի են ունեցել նաև այլ քաղաքներում, այդ թվում՝ Բարսելոնայում, Վալենսիայում, Մալագայում և այլուր։

El Pais թերթի տվյալներով՝ երկրում ձերբակալվել են բողոքի ակցիաների շուրջ 60 մասնակիցներ, տուժել են մոտ 30 ոստիկաններ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել