Բրեդֆորդի համալսարանի գիտնականները պարզել են, թե ինչպես էին հին ինկերը ծիսական զոհաբերությունների համար զոհերին նախապատրաստում: Այս հայտնագործությունը հնարավոր դարձավ շնորհիվ 500-ամյա «Սառցե աղջկա» մազերի և բերանի խոռոչի հետազոտության: Ինչպես հաղորդում է «Daily Mail» պարբերականը, 1999 թվականին Արգենտինայի հյուսիս-արևմուտքում գտնվող Լյուլյայլյակո հրաբխի գագաթին հայտնաբերվել էին երեք երեխաների մումիաներ, որոնց զոհաբերել էին մոտ 500 տարի առաջ:

Մարդաբաններին հատկապես ցնցել էր 13-ամյա աղջկա մումիան, որը մահվան պահին ընդունել էր նստած դիրք. նրա ոտքերը խաչված էին, գլուխը ներքև էր իջեցված, իսկ ձեռքերը դրված էին ծնկներին: Բանն այն է, որ հին քաղաքակրթության այս 500-ամյա ներկայացուցչի մումիան հիանալի պահպանվել էր, և այն կոչեցին «Սառցե աղջիկ»:
Հետազոտողները համարում են, որ այս երեք երեխաները մասնացել են կապակոչա կոչվող ծեսին, որի ժամանակ հին ինկերը զոհաբերում էին երեխաների, ընտանի կենդանիների և թանկարժեք մետաղներ: Մարդաբաններին մասնավորապես հետաքրքրել է, թե ինչպես էր երեխաների վրա անդրադառնում մի քանի ամիս շարունակ հսկայական բարձրության վրա գտնվելը, և մասնավորապես ինչպե՞ս էր իրականացվում կապակոչայի եզրափակիչ փուլը՝ ծիսական սպանությունը:

Այդ նպատակով Բրեդֆորդյան համալսարանի գիտնականները իրականացրել են աղջկա մումիայի մազերի և բերանի խոռոչի փորձաքննություն, որը ցույց է տվել, որ մի քանի ամիս շարունակ աղջկան տվել են կոկայի տերևներ, որը հայտնի է իր ստիմուլացնող ազդեցությամբ, և չիչու՝ եգիպտացորենից պատրաստվող ալկոհոլային խմիչք, որն իր համային հատկանիշներով գարեջուր է հիշեցնում: Կոկայի տերևները նպաստում էին ֆիզիկական ակտիվությանը, իսկ ալկոհոլն օգնում էր դիմակայել ցրտին:
«Մենք համարում ենք, որ «Սառցե աղջիկը» ընտրվել էր կապակոչու համար մահվանից 12 ամիս առաջ: Որպես զոհ ընտրելուց հետո աղջկան սկսել են մեծ քանակությամբ կոկա ու ալկոհոլ տալ, - պատմում է դոկտոր Էնդրյու Ուիլսոնը:- Կյանքի վերջին շաբաթներին նրան տվել են թմրանյութի ավելի մեծ չափաբաժիններ՝ համեմատած ավելի կրտսեր տարիքի երեխաների չափաբաժինների, ինչը վկայում է նրա մասին, որ ինկերը փորձել են հանգստացնել ապագա զոհին»:
Գիտնականները նշել են, որ երեխաների սպանության մասին վկայող բավարար փաստեր դեռ չկան: Դա հավանաբար խոսում է այն մասին, որ քրմերը սպասել են, մինչ զոհերը կկորցնեին իրենց գիտակցությունը, և միայն այդ ժամանակ են տեղափոխել նրանց հուղարկավորության խցեր: Հետազոտությունների ավելի մանրամասն արդյունքները հրապարակվել են «Գիտությունների ազգային ակադեմիայի աշխատանքներ» ամսագրում (Proceedings of the National Academy of Sciences):
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել





