1in.am-ը գրում է.

Երևանի գրադարանները համալրվում են նորատիպ գրքերով. այս օրերին 193 անուն 8700 կտոր գիրք է քաղաքապետարանը բաշխում Երևանի գրադարաններին, երաժշտական և արվեստի դպրոցներին։ Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու տարին ամփոփելիս քաղաքապետը խոստացավ շարունակական դարձնել տարվա շրջանակում կազմված ծրագրերից շատերը։ Այսօր քաղաքապետարանը շարունակում է իր ուշադրության տակ պահել գրադարանները, գրադարանային խնդիրները, այդ թվում նաև՝ գրաֆոնդի համալրումը։ Ուրախությամբ պետք է փաստեմ, որ այս օրերին իսկապես անհրաժեշտ գրականություն է բաշխվում մեր գրադարաններին։ Նոր գրքերը վերջին տարիներին պետպատվերով հրատարակված գրականություն են, և, վստահ եմ, մեծ հետաքրքրություն կառաջացնեն ընթերցողների շրջանում»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։ 

Գրքերի խմբաքանակում ներառված է մասնագիտական և գեղարվեստական գրականություն, հայ ու համաշխարհային դասականների ստեղծագործությունների վերահրատարակումներ, ինչպես նաև ժամանակակից հեղինակների նորատիպներ, գեղանկարիչների ալբոմներ, պատմագիտական գրականություն, հեքիաթներ և այլն։ 

Գրադարանները նոր գրքերը ստանում են Երևանի քաղաքապետարանի, ՀՀ մշակույթի նախարարության և Գրքի և հրատարակչական գործի կենտրոնի պայմանավորվածության հիման վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել