1in.am-ը գրում է.

Հեռուստահաղորդավար, շոումեն Մարկ Սաղաթելյանի ընկերոջ՝ «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր Ալեն Սիմոնյանի համար Մարկի մահը մեծ կորուստ էր:

Ալեն Սիմոնյանը դեռ փոքրուց է Մարկ Սաղաթելյանին սիրել և գնահատել: «Ես 14-15 տարեկան էի, Մարկն ինձ համար հեռուստացույցի միջի անհասանելի տղաներից էր, իրենց բոլորի միջից ամենաշատը ես իրեն էի համակրում, ուզում էի նմանվել նրան ու սկսեցի KBH խաղալ»,- նշեց Ալեն Սիմոնյանը: 

Տարիներ անց Մարկ Սաղաթելյանը եկավ կանգնեց իր կողքին և ասաց, որ իրենց նկարեն:

«Հետո պատիվ ունեցա նույն բեմում իր հետ ելույթ ունենալու, այսինքն՝ 14-15 տարի անց: Իմ անցած ճանապարհի վրա մեծ ազդեցություն է ունեցել Մարկը, նրա բոլոր հաղթանակները իմ ու մեր ազգինն էին, հպարտացել ենք իրենով: Այս տարիներին Մարկը չփոխվեց, չգայթակղվեց... հիմա ինքը չկա, չկան նաև առաջիկա իր հաղթանակները: Սա նրա անցած ճանապարհի մի փոքր մասն էր»,- նշեց ընկերը:

«Եթե Մարկը նույնիսկ ջղայնանում էր կամ ինչ-որ հարցի շուրջ վիճում հետդ, չէիր կարողանում իրեն հակադարձել կամ չանեիր իր ասածը, որովհետև գիտեիր՝ ինքը այնքան բարի է և ոչ հիշաչար, ուղղակի նահանջում էիր, որ քեզ հաճելի լիներ: Ինձ համար սա շատ մեծ կորուստ էր, ոչ միայն մարդկային կորուստ, այլ նաև կյանքի մի էտապի, երազանքի մի մասի կորուստ ու շատ անսպասելի»,- նշեց Ալեն Սիմոնյանը:

Նա պատմեց, որ ավտովթարից մեկ տարի անց՝ մայիսի 8-ին, KBH-ի 20-ամյակին, ելույթ են ունեցել միասին, որտեղ Մարկը շատ ուրախ էր. «Այդ օրը՝ մայիսի 8-ին, այնպես էր ուրախացել, ուրախությունից արտասվում էր: Դրանից հետո միջոցառում ունեինք, ինքը իրոք երջանիկ էր, և այն տպավորությունն ունեմ, որ ինքն ապրեց այդ մասն էլ տեսնելու, վերապրելու համար, բայց չպետք է գնար...»,- ասաց նա:

Ընկերը նաև պատմեց, որ Մարկն իր հիվանդության մասին իմացել է մի քանի օր առաջ՝ շատ անսպասելի: Նա գնացել է ատամնաբույժի, սկսվել է արյունահոսություն, որը չի դադարել, ստուգվել է և իմացել հիվանդության մասին: Նա պատրաստվում էր մեկնել Գերմանիա՝ բուժման. «Նա պետք է մեկներ Գերմանիա, բայց այս երկու օրերին սարսափելի գլխացավեր է ունեցել, պատկերացեք՝ ինչ կլինի, երբ գլխիդ մեջ անոթներ պայթեն, նա կոմայի մեջ է ընկել, որից այդպես էլ դուրս չեկավ»,- ցավով նշեց Ալեն Սիմոնյանը:

Լուսանկարում՝ Մարկ Սաղաթելյանը և Ալեն Սիմոնյանը՝ KBH-ի 20-ամյակին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել