Ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտեց նաև խաղաղ բնակավայրերում։
Քիչ առաջ թշնամին Մարտունի քաղաքի վրա կիրառեց ռազմական ավիացիա, կոպտորեն խախտելով մարդասիրական նպատակով ձեռք բերված կրակի դադարի մասին պայմանավորվածությունը։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻ Պոտական ծառայությունը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը երեկ հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ այսօրվանից հրադադար հաստատելու մասին։ Հայտարարությունում ասվում է․
«Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում ունեցան ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ և վերահաստատեցին իրենց երկրների հանձնառությունը կյանքի կոչելու և պահպանելու կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Մոսկվայում հոկտեմբերի 10-ին և վերահաստատվել հոկտեմբերի 17-ին՝ համահունչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հոկտեմբերի 1-ին արված հայտարարության:
Հումանիտար հրադադարն ուժի մեջ մտավ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով՝ 08:00-ին»:
Կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, ադրբեջանական կողմը ժամը 8:45-ի սահմաններում հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ: Այս մասին ավելի վաղ գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:



