Երեկվա հայտնի նամակի մասին

Պարզ է, որ ռազմական դրության պայմաններում ճիշտ չէ քննարկել դա մանրամասնորեն:
Բայց իմ խոսքը բուն նամակի մասին չէ, այլ երևույթի:

Ինչ-որ տեղ նույնիսկ ուրախ եմ, որ դա եղավ ու որոշ չափով իրավիճակ լիցքաթափեց:
Խնդիրն այն է, որ պատերազմի առաջին օրվանից մեր հանրության մեջ գեներացվում է դրսից փրկություն կոչելու կարգախոսը: Գեներացվում է և՛ կազմակերպված քարոզչությամբ, և՛ զուտ զանգվածային հոգեբանության առանձնահատկություններով:

Հիմա՝ այս նամակից հետո, մենք հնարավորություն ունենք սթափ գնահատելու այս «գեներացիայի» գործնական նշանակությունը:
Իսկ գործնական նշանակություն չկա:
Պարզ պատճառով:
Առանց այդ էլ Մոսկվան, որին կոչ է արվում դիմել, անում է, կարծես թե, հնարավորը:
Նախ՝ բոլորս տեսնում ենք, որ հրադադար հաստատելու ռուսական փորձերն իրական են եղել: Տեսել ենք նաև դրանց տապալումը: Գիտակցում ենք նաև, թե տապալման պատճառը որտեղից է գալիս: Էլի փորձեր լինելու են խաղաղության հաստատման: Բայց ով դեռ չի կորցրել սթափ դատելու ունակութունը, տեսնում է, որ կախարդական փայտիկով խաղաղություն հաստատել անհնար է:

Երկրորդ՝ զենքի և մնացածի հարցը: Չմանրամասնեմ, պարզ է:

Իսկ ավել ի՞նչ կարող է անել մի մեծ տերություն, որի բնական խնդիրն է ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններում հավասարակշռություն պահպանելն է:
Ես այդպես էլ չհասկացա, ու, կարծես, բացատրող էլ չեղավ, թե ի՞նչ են ավել պատկերացնում:
Ռուս-թուրքական պատերա՞զմ, որի հիմքերը չեն երևում, և որի թատերաբեմն, ի դեպ, դառնալու է ամբողջ Հայաստանը: Սա՞ ենք ուզում:
Ռուս-ադրբեջանական պատերա՞զմ, որը վերածվելու է նույն ռուս-թուրքականի:
Ի՞նչ:
Չեմ ուզում նորից խորանալ, գրվել ու խոսվել է այս հարցի շուրջ:

Խնդիրն այն է, որ առանց հիստերիաների, հանգիստ գնահատենք ու հասկանանք ոչ միայն մեր, այլև մեր դաշնակից և ոչ դաշնակից պետությունների տեսակետները, հնարավորությունները և կարողությունները:
Շնորհակալ լինենք եղածի համար:
Եվ անիրատեսական սպասումներով նաև մեր նկատմամաբ հարգանքը չկորցնենք: Ես վստահ եմ, ու տեսնում եմ, որ շատ ռուսներ և ուրիշներ, հենց հիմա մեծ հարգանքով հետևում են հայկական հերոսական դիմադրությանը: Եվ այսպես են կերտվում իրական դաշնակցային հարաբերությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել