168.am-ը գրում է․

Արցախում զոհված Արման Սարգսյանի 2020 թվականի հունվարի 10-ին էր զորակոչվել, նոյեմբերին կլրանար 19-ամյակը:

Արմանը Կոտայքի մարզի Լեռնանիստ համայնքից էր, ունի 2 քույր, 2-ն էլ ամուսնացած են, ինքը տան փոքրն էր, ապրում էր ծնողների և տատիկի հետ:

«Շատ բարի մարդ էր, բոլորին հասնող, ընկերասեր տղա էր… Դպրոցն ավարտել և ընդունվել էր Պոլիտեխնիկ, մեկ կիսամյակ սովորեց ու մեկնեց ծառայության: Կորոնավիրուսի պատճառով դեռ արձակուրդ չէր եկել, բայց երբ զանգում էր, միշտ ասում էր՝ սաղ տոչնի ա, դա իր բառն էր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արմանի քրոջ ամուսինը՝ Ռազմիկը:

Արմանը նաև քեռի էր, փոքր քույրը 2 աղջիկ ունի, մեծը 3 տարեկան է, շատ կապված էին իրար հետ: Բանակում եղած ժամանակ էլ տեսազանգով խոսել էր ընտանիքի անդամների հետ, տեսել երեխաներին:

«Ամսի 12-ին աղջիկս խոսեց Արմանի հետ, ընդամենը 2 բան ասաց՝ քեռի, զգույշ կլինես, մեկ էլ հարցրեց՝ հո ձուն չի՞ այդտեղ: Մինչև հիմա երեխան ասում է, որ քեռուն շատ է կարոտել»,- պատմեց Արմանի քրոջ ամուսինը:

Արմանը զոհվել է հոկտեմբերի 13-ին, հարազատները բոթը լսել են դեպքից 2 օր անց.

«Մինչև ամսի 13-ն ամեն օր զանգում էր, բոլորիս հետ էլ խոսում էր՝ իմ, քույրերի, ծնողների, բայց վերջին անգամ հոր հետ է խոսել, ասել է՝ լավ ա սաղ: Պատերազմը որ նոր էր սկսվել, հույս էր տալիս մեզ, ասում էր՝ մենք շատ հեռու ենք, մեր մոտ կռիվ չկա, նորմալ է: Մեծ քրոջ հետ որ խոսել էր, ասել էր՝ քուր, որ իմանաս՝ ինչ ձև վաևատ եմ անում այստեղ, կզարմանաս…»:

Արման Սարգսյանին հուղարկավորել են հոկտեմբերի 17-ին՝ Լեռնանիստ համայնքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել