1in.am-ը գրում է.
ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների վարչության պետի տեղակալ Գագիկ Սուրենյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ անցնող հուլիս ամիսը տեղումների քանակով եղել է նորմայից բարձր, Արարատյան դաշտում՝ նորմային մոտ:
Ինչ վերաբերում է օգոստոս ամսին, ապա բանախոսն ասաց, որ նախորդ տարիների համեմատ՝ սպասվում է ավելի սառը օգոստոս, ջերմաստիճանը մեկ աստիճանով ցածր կլինի: Արարատյան դաշտում, Վայոց ձորում և Սյունիքում եղանակը կլինի նորմային մոտ. «Չեն բացառվում առանձին օրեր, երբ Սյունիքի հովիտներում և Արարատյան դաշտում ջերմաստիճանը բարձրանա մինչև 37 աստիճան»:
Օգոստոսի առանձին օրերին կգրանցվի նորմայից ցածր ջերմաստիճան, մինչև օգոստոսի 2-ը ջերմաստիճանը կբարձրանա, իսկ 3-4-ին, պայմանավորված հյուսիսարևմտյան ցիկլոններով, կլինի ամպրոպ և կտեղա անձրև:
Երևանում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև 12-13 աստիճան:
Բանախոսն ասաց նաև, որ այս տարի երաշտի մասին խոսք լինել չի կարող, որովհետև տեղումների քանակով տարին առատ է: