Այն պետությունը, որը չի կարողանում առաջնային խնդիրներն առանձնացնել երկրորդայինից, ապագա չունի:
Մարկ Ավրելի
Հիրավի, «Արի տուն» ծրագիրը հարգանքի է արժանի, քանզի դա մեր վաղվա Հայաստանի երաշխիքներից է. այս ծրագիրը միշտ պետք է լինի մեր ուշադրության կենտրոնում, սրա մասին չի կարելի երբեք մոռանալ: Սակայն այսօր արտագաղթի տեմպերն այնպես են աճում, որ ճիշտ կլիներ մեր ամբողջ ներուժը կենտրոնացնեինք այն կանգնեցնելու գործի վրա և որպեսզի համաշունչ լինի «Արի տուն»–ին, եկեք այդ գործընթացը պայմանականորեն կոչենք «Մնա տանդ»: Եթե մենք չկանգնեցրինք արտագաղթը կամ այլ կերպ ասած` չաշխատի «Մնա տանդ» ծրագիրը, ապա մեխանիկորեն, ժողովրդական լեզվով ասած, «պռավալի» կգնա ներգաղթի` ասել է թե` «Արի տուն» ծրագիրը: Չպետք է մոռանալ, որ սփյուռքահայերը, ինչքան էլ որ հայրենասեր լինեն, բիզնեսի օրենքներով շարժվող մարդիկ են, և եթե նրանք տեսնեն, որ իրենց երազանքների երկիր Հայաստանը վերջնականապես դատարկվում է, ապա, ըստ իս, նրանք պարզապես չեն վերադառնա: Այս ամենից կարելի է հանգել այն եզրակացությանը, որ «Արի տուն»-ն իրականացնելու համար նախ և առաջ պետք է գործարկել «Մնա տանդ»-ը: