Թուրքիան պատրաստվում է պաշտոնապես մտնել պատերազմի մեջ: Այսպիսով՝ Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքտայը հայտարարեց, որ եթե Բաքուն դիմի Թուրքիային պաշտոնական խնդրանքով, ապա իրենք պատրաստ են զորքեր ուղարկել Ադրբեջան՝ պատճառաբանելով, իբր Ռուսաստանին չհաջողվեց «կարգավորել ճգնաժամը» Արցախում, և առանց Թուրքիայի խնդիրը հնարավոր չէ լուծել:
Ինչպես և ակնկալում էինք, թուրքերը շարունակում են անել ամեն հնարավոր բան տարածաշրջանում իրենց ռազմաքաղաքական ներկայության ամրացման համար:
Պարզ ասած՝ թուրքերն արդեն բացահայտ և ագրեսիվ փորձում են դուրս մղել Ռուսաստանին տարածաշրջանից՝ նախ և առաջ լեգիտիմացնելով իր փաստացի ուղիղ մասնակցությունը պատերազմին, մյուս կողմից էլ Ռուսաստանին տարածաշրջանում անօգնական որակավորելով։ Այն տարածաշրջանից, որը Ռուսաստանն արդարացիորեն համարում է իր կարևորագույն հետաքրքրության տարածք:
Խաղարկելով ադրբեջանական քարտը՝ Էրդողանը փաստացի պայման է ներկայացրել՝ կա՛մ Ռուսաստանը սկսում է պատերազմել Թուրքիայի դեմ Հարավային Կովկասում իր ազդեցության պահպանման համար, կա՛մ նստում է և խոսում Թուրքիայի հետ, ինչպես հավասարը հավասարի հետ:
Բայց ամենահետաքրքիրն այն է, որ եթե Ռուսաստանն ընդունի Թուրքիայի դոմինանտ դերը տարածաշրջանում (ինչին ես չեմ հավատում), անմիջապես, շատ կարճ ժամանակահատվածում պատերազմը (հիբրիդային, սողացող, ահաբեկչական և այլն) թուրքերի հետ կներթափանցի Ռուսաստանի տարածք նախ և առաջ Հյուսիսային Կովկաս:
Մեզ ի՞նչ է թվում, թե թուրքերը միայն հայերի դեմ կռվելու համա՞ր են Ադրբեջանը լցրել սիրիական ահաբեկիչներով: Թուրքերի կողմից բերված իսլամական ահաբեկիչների հիմնական նպատակը ոչ այլ ինչ է, քան Ռուսաստանի ապակայունացումը:
Հ․Գ․ Հա՛, մեկ էլ շա՜տ կարևոր հանգամանք. պատերազմը թուրքերի համար ընդամենը գործիք է, իսկ կարճաժամկետ առումով հիմնական նպատակն է ռազմաբազա բացել Ադրբեջանում պատերազմի քողի ներքո:
Պարզապես հիշեցնեմ ձեզ, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և Ադրբեջանում փաստացի տեղակայվելու են ՆԱՏՕ-ի զորքերը... Հիմա հասկացանք` ինչու Եվրամիությունը և հավաքական արևմուտքն այդքան մեծ սիրով լցվեցին դեպի «ադրբեջանցի խաղաղ բնակիչները», որոնք իբր «տառապում են» հայերի ռմբակոծություններից։
Հ․Հ․Գ․ Ասել եմ և պատրաստ եմ կրկնել՝ մեր տարածաշրջանում դոմինանտ լինելու է կա՛մ եղբայրական Ռուսաստանը, կա՛մ մարդակեր Թուրքիան։