ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, հայտարարել է, որ Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը կարող են ամենամոտ ապագայում համաձայնեցնել տարածաշրջանում կրակի դադարեցման վերահսկման մեխանիզմը:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, Լավրովն այս մասին ասել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ հանդիպման արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

«Որպեսզի կրակի դադարեցումն աշխատի, մենք դրանում արդեն համոզվել ենք ընդունված և ցամաքում վրա իրավիճակի արմատապես փոփոխությունը կանխած երկու փաստաթղթերից հետո, անհրաժեշտ է կրակի դադարեցման պահպանման վերահսկման մեխանիզմի ստեղծում: Մենք այդ ուղղությամբ ակտիվ աշխատում ենք, այդ թվում՝ մեր պաշտպանության նախարարությունը, նախևառաջ Հայաստանից և Ադրբեջանից մեր գործընկերների հետ: Լիահույս եմ՝ ամենամոտ ապագայում նման մեխանիզմ կհամաձայնեցվի»,- ասել է Լավրովը:

Ավելի վաղ Լավրովը հայտարարել է, որ անհրաժեշտ է վերջ տալ ռազմական հռետորաբանության ավելացմանն ու դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում:

«Վստահ ենք, որ հիմա ամենակարևորը և, հավանաբար, դա մեծ ջանքեր չի պահանջում, կողմերի միջև, ինչպես նաև պատասխանատու միջազգային խաղացողների գծով անհապաղ ռազմական հռետորաբանության ավելացման դադարեցումն է: Դա ինչ-որ մեծ ջանքեր չի պահանջում: Հաջորդ միանգամայն անհրաժեշտ քայլը, որը պետք է ձեռնարկվի ռազմական հռետորաբանության ավելացման դադարեցման հետ միաժամանակ, ռազմական գործողություններին, քաղաքացիական օբյեկտներին հարվածներին վերջ տալն է»,- ընդգծել է Լավրովը:

Նշենք, որ ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը, ելույթ ունենալով Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտում, հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորություններ ունեն Եվրոպայի խորհրդի առջև՝ իրենց տարածքներում մարդու իրավունքների պահպանման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել