1in.am-ը գրում է.

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր հեռուստահաղորդավար, շոումեն Մարկ Սաղաթելյանին արյունաբանության ինստիտուտից կեսօրին տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն, և հիմա նա ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: 

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ Անատոլի Գնունին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ներկայացրեց Մարկ Սաղաթելյանի հիվանդության հետ կապված մանրամասներ: 

Նա նշեց, որ հիվանդը «Նաիրի» բժշկական կենտրոն է ընդունեվել այսօր՝ 12:50-ին՝ տեղափոխվելով պրոֆեսոր Յոլչյանի արյունաբանական կենտրոնից.

«Եկել է այստեղ հետազոտությունների, քանի որ հիվանդի վիճակի մեջ կար վատթարացում, հիվանդը ուներ գլխացավեր, հետո՝ գիտակցության կորուստ»,- ասաց Անատոլի Գնունին՝ հավելելով, որ բժշկական կենտրոնում համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով պարզվել է, որ Մարկ Սաղաթելյանի մոտ առաջացել է գլուխեղեղի արյան զեղում, պատճառը՝ տրոմբո-հեմոռագիկ համախտանիշն է, որը զարգացել է սուր լեյկոզի պատճառով:

Անատոլի Գնունին նշեց, որ արյունաբանի նկարագրությունից հետո պարզ է դարձել, որ Մարկ Սաղաթելյանի հիվանդությունը երկու ամսվա տևողություն ունի: Այդ ընթացքում նա գանգատվել է թուլությունից, վատ զգացողությունից, բայց բժշկի չի դիմել: Պարբերաբար արյունահոսություն է ունեցել, դիմել է «Նաիրի» բժշկական կենտրոն՝ լաբորատոր հետազոտության, որտեղից նրան անմիջապես ուղեկցվել է արյունաբանական կենտրոն, քանի որ պարզվել է, որ նա տառապում է սուր լեյկոզ հիվանդությամբ։ Սուր լեյկոզ ախտորոշումը տրվել է երեկ:

Հարցին, թե արդյոք հիվանդությունը կարո՞ղ է կապ ունենալ անցյալ տարի Մարկ Սաղաթելյանի՝ ավտովթարի ենթարկվելու հետ, անեսթեզիոլոգը պատասխանեց, որ որևէ կապ չի տեսնում, քանի որ սուր լեյկոզն այն հիվանդությունն է, որ կարող է բազմաթիվ պատճառներ ունենալ:

Նա նշեց, որ այս պահին հիվանդն «արհեստական շնչառության տակ» է գտնվում. «Մենք պահպանում ենք նրա տարբեր օրգանների աշխատանքը, մենք կատարում ենք արհեստական շնչառություն, մենք իրեն քնեցնում ենք, պահում հանգիստ վիճակում, կատարում ենք դեղորայքային բուժում: Արյուանաբանների կողմից արյան տարբեր բաղադրիչներ են նշանակվում»,- ասաց Ա. Գնունին՝ հավելելով, որ այս պահին որևէ փոփոխոություն չկա, նրա վիճակը ծայրաստիճան ծանր է, ավելի ծանր լինել չի կարող:

«Անում ենք ամեն ինչ, որ հաղթահարենք հիվանդությունը, բայց որևէ բան չեմ կարող կանխատեսել»,- ասաց Անատոլի Գնունին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել