«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ծաղիկների գները բարձրացել են: Արդեն մի քանի օր է, ինչ քաղաքացիներն ահազանգում են այս խնդրի մասին:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Չարբախում գտնվող ծաղկի շուկայի պատասխանատուները զգուշացրել են առեւտրականներին, որ ծաղիկների գներն այս օրերին չբրաձրացնեն, այլ վերադառնան հին գներին, հակառակ դեպքում շուկայի ղեկավարությունը կբարձրացնի տաղավարների վարձերը:
Իրենք՝ ծաղկավաճառները, մեզ հետ զրույցում արդարացան՝ նշելով, որ մեղավոր չեն, արդեն մի քանի օր է՝ ծաղիկները ջերմոցատերերից ստանում են բարձր գներով: Բայց, մյուս կողմից, ջերմոցատերերն են հայտնվել անհարմար դրության մեջ. չէ՞ որ ջերմոցային տնտեսությունների համար հուլիսի 19-ից բարձրացել է գազի գինը:
Բացի այս, ամռան ամիսներին կորոնավիրուսի եւ հայտարարված արտակարգ դրության հետեւանքով ծաղկի իրացման ծավալները կտրուկ նվազել են: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անգամ ջերմոցատերեր են գտնվել, որոնք իրենց ծաղկի ջերմոցները քանդել կամ դրանց փոխարեն այլ մշակաբույս տնկել:
Չմոռանանք՝ թեմայի մեջ հայտնվել է նաեւ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, սակայն անպտուղ: Այս կառույցը բավարարվել է միայն ջերմոցատերերին հորդորելով այս պայմաններում չբարձրացնել ծաղկի գները: Ընդամենը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում