1in.am-ը գրում է.
Հանքավանի Շողիկ ճամբարում սեռական դաստիարակության վերաբերյալ դասընթացների անցկացումը վերջին շրջանում մամուլում բուռն կերպով քննարկվեց: Ճամբարից հետո երիտասարդները բողոքել են, թե դասընթացը սեռական դաստիարակության սահմաններից դուրս է եկել և հասել մինչև էրոտիկ կադրերի ցուցադրություն:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնման» կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ամարյանն ասաց, որ հայ ավետարանչական եկեղեցու ներկայացուցիչ վեհապատվելի Արմեն Միքայելյանը փորձել է վեր հանել Շողիկ ճամբարում եղած դասընթացի իսկությունը, դիմել է ղեկավարությանը, սակայն եկեղեցում որևէ արձագանք չի եղել: Դրանից հետո Արմեն Միքայելյանը դիմել է Ազգային անվտանգության խորհրդին: Նամակը մակագրվել է արդարադատության և կրթության ու գիտության նախարարություններին: Արդարադատության նախարարությունը սկսել է զբաղվել գործով, սակայն ավետարանչական եկեղեցին արհամարհել է ՀՀ օրենքները և ոչինչ չի ներկայացրել:
Բանախոսն ասաց, որ խախտումները բացահայտելու համար Արմեն Միքայելյանին և տասներկու աշխատակիցների հեռացրել են աշխատանքից:
Ասուլիսի մյուս բանախոս՝ Ամերիկայի հայ ավետարանչական հայաստանյան մասնաճյուղի ստորաբաժանման ղեկավար, վեհապատվելի Արմեն Միքայելյանն ասաց, որ թեև ինքը պաշտոնավարելու է մինչև հուլիսի 31-ը, բայց շարունակելու է զբաղվել խնդրով, որպեսզի բացահայտվեն խախտումները. «Անցյալ տարի ճամբարի երիտասարդներից բողոքեցին, որ սեռադաստիարակություն չի եղել՝ խայտառակություն է եղել: Ունենք տասը գրավոր բողոք, և հարցն անպայման պետք է լուծում ստանա»:
Նրա խոսքով՝ դասընթացի անունը դրել են սեռական դաստիարակություն, մինչդեռ դասընթացի ժամանակ խոսել են ամուսնությունից և ամուսնական կյանքից: