Կայուն տպավորություն ունեմ, որ որոշ մարդիկ և խմբեր մոռացել են, որ Արցախյան պայքարը 2020-ին չի սկսվել:
Էնպիսի վերլուծություններ ու լուծումներ են առաջարկում, կարծես նոր են իմացել, թե բա՝ էս ի՞նչ էր, էս ի՞նչ պատերազմ-բան, էս ո՞նց եղավ:
Կարծում եմ՝ մի երկու բան արժե հիշեցնել:
Ասեմ, որ Արցախյան հարցը նույնիսկ 2016-ի պատերազմով չի սկսվել:
Այն սկսվել է, օ՛ զարմանք, ոչ թե նույնիսկ 1991-94-ի պատերազմով, այլ 1988-ի արդեն հեռավոր փետրվարին, երբ իմ սերնդի մարդիկ դեռ դպրոցական էին (իհարկե, հարցն ավելի խորն ակունքներ ունի, բայց հիմա դա էական չէ):
Ու կարևոր է շատ, թե ինչպես է սկսվել:
Ուրեմն՝ 88-ի փետրվարին հարյուրհազարավոր հայեր, որոնց հետո սովետական հեռուստատեսությամբ կոչեցին մի խումբ էքստրեմիստներ ու նացիոնալիստներ, դուրս եկան Երևանի հրապարակներ (մինչ այդ արդեն շարժումը սկսել էր նաև բուն Արցախում) ու պահանջեցին Ղարաբաղի վերամիավորում Հայաստանի հետ:
Ինչն էր ուշագրավ․ սկզբում կարգախոսները բացարձակ լոյալ էին Սովետական միությանը՝ Լենին, պարտիա, Գորբաչև, ու ոչ ոք անկախություն չէր պահանջում: Ու դա շատ անկեղծ էր:
Շատ չանցած՝ մի շաբաթվա մեջ, հասկանալի դարձավ, որ Սովետը չի պատրաստվում Ղարաբաղի հարցը լուծել հոգուտ հայերի:
Մեզ թափանցիկ ակնարկ ուղարկեցին այդ առումով՝ Սումգայիթի ջարդը, որի կանխմանը սովետական բանակը մի փոքր ուշացավ պատահականորեն:
Դրանով մեզ ասացին՝ տեսեք՝ ինչ է լինելու:
Հասկացող մարդիկ հասկացան այդ ուղերձը: Հայերին ոչ ոք չի պաշտպանի, եթե խելոք չպահեք ձեզ:
Ու բացվեց երկու ճանապարհ:
Ավագ սերունդը, նաև Հայաստանի այն ժամանակվա ղեկավարությունն ասացին բաց կամ քողարկված, որ պայքարն անհույս է, քանի որ մենակ ենք, ու ոչ միայն Բավքի դեմ պետք է պայքարենք, որ հաջողության հասնենք:
Շատ ողջախոհ խորհուրդ էր, ի դեպ: Մի բուռ Հայաստանն ի՞նչ պետք է աներ այս դեպքում:
Բայց հայտնվեցին այլ մարդիկ՝ ավելի երիտասարդ մտավորականներ, որոնք ասացին՝ հնարավոր է հասնել Ղարաբաղի միավորմանը Հայաստանին, նույնիսկ եթե Կենտրոնը մեզ հետ չէ ու մեր դեմ է:
Նրանք ասացին․ «Պայքար, պայքար մինչև վերջ»:
Իսկ ի՞նչ է դա նշանակում:
Մինչև վերջը նշանակում է՝ ամեն գնով: Պայքարի վերջը, բացարձակ ձևը, մեծ հաշվով, պատերազմն է: Այսինքն՝ ասացին՝ նույնիսկ պատերազմ էլ լինի, պատրաստ ենք:
Ու մենք՝ այն ժամանկվա ամենաերիտասադրներս, նոր հասունացողներս, հավատացինք այդ ավելի երիտասարդ սերնդին, այսպես ասած՝ արկածախնդիրներին:
Նրանք ասում էին՝ եթե դու պայքարում ես, դու վերածվում ես գործոնի, ու քեզ հետ սկսում են հաշվի նստել:
Իսկ եթե դու չես պայքարում, ապա ամեն բան անում են քո շահերի հաշվին:
Նրանք ասացին՝ եթե թուրքերի ուժ ցույց տալը հայկական ջարդերն են, մենք դրան կհակադրենք հայկական պայքարը:
Ու մեզ էլ կսկսեն հաշվի առնել:
Մենք սա սերտեցինք որպես դաս նրանցից:
Հետո նրանք ասացին՝ մեր ուժը պետք է դառնա մեր դեմոկրատիզացիան: Ու նաև՝ չկան մշտական թշնամիներ ու դաշնակիցներ, ու բարձրացրին անկախության հարցը:
Այս ամենը ես հիշում եմ, շատերը հիշում են, որովհետև մենք հավատացինք դրան:
Ու ասեմ ձեզ՝ այդ հիմա է թվում, որ դա այդքան միանշանակ ճիշտ ճամփա էր, որովհետև ակնհայտ ռիսկային էր, ու մի քանի ճգնաժամային կետ եղավ, որ թվաց, թե պարտվում է: Ու հանգիստ կարող էր պարտվել ու հիմա կոչվել արկածախնդրություն: Ու քանի-քանիսն էին այդ տարիներին դա հենց այդպես քննադատում:
Հետո եղավ բուն պատերազմը:
1991 թվին թվում էր, թե մոտ ենք հայկական հարցի լուծման ավանդական տխուր ավարտին․ «Կոլցո» օպերացիայի շրջանակում անկախության ձգտող հայերը պատժվում էին, տեղահանվում էին ամբողջ գյուղեր՝ Գետաշենից միչև Հադրութի շրջան:
Պատերազմը տևեց 2-3 տարի:
Բերանով ենք ասում՝ 2-3 տարի:
Հա, ճիշտ է, տեխնիկական միջոցներն այլ էին, այլ պատերազմ էր:
Բայց հարաբերակցությունը մարտի դաշտում էլի նույնն էր ու մեր օգտին չէր:
Ու ինչքան մեզ էին օգնում, այդքան էլ ու ավել իրանց էին օգնում: Բոլորս էլ հիշում ենք, թե ում զենքով 1992-ի ամառվա ադրբեջանական հարձակումը ծավալվեց: Հիշում ենք նաև 93-ի վերջի ու 94-ի սկզբի Ալիև ավագի հզոր հարձակումը, որն ամենից շատ զոհեր խլեց ու մոտավորապես նույն ուղղություններով էր գնում, ինչ այսօրվանը:
2 տարի ունեցել ենք և՛ մեծ հաղթանակներ, և՛ լրջագույն պարտություններ:
Նենց, Քուռկիկ Ջալալի նստած՝ աջ ու ձախ չէինք հնձում:
92-ի ամառ-աշնանը պարտության եզրին էինք: Ամբողջ մի կես տարի ամեն օր ատամները սեղմած էինք ապրում:
93-ի սկզբին էր, որ լավ լուրերը մեկը մյուսի հետևից սկսեցին գալ ճակատից:
Բայց 93-ի նոյեմբեր-դեկտեմբերից մինչև 94-ի փետրվար էլի ծանր էր: Թուրքերն առաջ էին գալիս, չնայած շատ դանդաղ ու ծանր գնով: Մի պահ Մռավն էլ անցան, մտան Քելբաջար: Հարավում էլ բավականին առաջ եկան: Էդ կորցրածի մի փոքր մասն այդպես էլ հետ չբերեցինք, օրինակ՝ Հորադիզ կայարանը:
Բայց 94-ի գարունը նորից մերն էր:
Ու եկավ խաղաղություն:
Այս ամենը մենք տեսել ու ապրել ենք, ու Աստված չանի՝ նորից ապրենք ու տեսնենք:
Ու էլի թող ոչ ոք չմտածի, որ տենց հեշտ ու երաշխավորված հաղթանակ ենք ունեցել:
Հասկացողը, հուսամ, հասկացավ, թե ովքեր էին այս գրառման հասցեատերերը:
Նախ՝ սա Նիկոլի կռիվը չէ: Ոնց որ 16-ը Սերժինը չէր, իսկ 90-ականներին Լևոնինն ու Վազգենինը չէր:
Երկրորդ՝ եթե մի անգամ ասել եք «Պայքար, պայքար մինչև վերջ», դա հետ շրջելը հնարավոր չէ, այլապես Կարեն Դեմիրճյանին ու մյուսներին էր պետք լսել:
Ղարաբաղի պայքարը մեր սերունդը չի սկսել:
Մենք ժառանգել ենք դա ու հավատացել ենք նախորդ սերնդի կոչերին:
Ու լավ ենք արել:
Միակ խնդիրը, որ ունենք՝ հաջորդներին չենք ուզում թողնել: Պիտի փորձենք դա անել: