Panorama.am-ը գրում է․

ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը «Լազարևյան ակումբի» պաշտոնական կայքէջում գրել է.

«Անձամբ ես վաղուց եմ ճանաչել Արցախի Հանրապետությունը, և սա է պատճառներից մեկը, որ ինձ արգելում են մուտք գործել Ադրբեջան: Եվ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետական մակարդակով ճանաչելու հարցը, ըստ իս, դժվար թե լուծվի ռազմական գործողությունների ընթացքում:

Ժամանակին Հայաստանի իշխանությունները խոստանում էին ճանաչել Լեռնային արաբաղի Հանրապետությունը, եթե Ադրբեջանը հարձակվի դրա վրա: ԼՂՀ-ի ճանաչումը Հայաստանի ներքին գործն է: Բայց ես խորհուրդ չէի տա այս քայլին ներկայումս գնալ, քանի որ դա միայն կխթանի լարվածությունը և լրացուցիչ առիթ կդառնա Ադրբեջանի և Թուրքիայի համար և ինչը, անշուշտ, նրանց նոր դիվանագիտական և ոչ միայն դիվանագիտական հարձակողական գործողությունների առիթ կդառնա:

Ինչ վերաբերում է այլ երկրների կողմից ԼՂՀ-ի ճանաչմանը, այստեղ շատ բան կախված է այդ պետությունների հետ Հայաստանի հարաբերություններից: Պատրա՞ստ են նրանք առանց Հայաստանի կողմից ճանաչման ճանաչել Արցախը, թե ոչ: Ի՞նչ կտա այդ ճանաչումը ռազմական գործողությունների ներկայիս իրավիճակում, եթե այն ճանաչող երկիրը հեռու է տարածաշրջանից և հնարավորություն չունի իսկապես օգնելու հայկական կողմին:

Մի խոսքով, ես շատ զուսպ եմ վերաբերվում Արցախի Հանրապետության անհապաղ ճանաչման գաղափարին: Հնարավոր է և, հավանաբար, անհրաժեշտ է խոսել այդ մասին, ձգտել դրան՝ փնտրելով արդարություն: Բայց այս պայքարում հաջողությունը կարող է հասնել միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման արդյունքում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել