Ցանկացած երևանցի ու ոչ միայն երևանցի երևի մեկ անգամ տեսել է Գևորգին՝ Հյուսիսային պողոտայում կամ Սարյանի այգում նվագելիս, և ով տեսել է, կարող է փաստել, որ այս տղան Երևանին համ ու հոտ տվող, կոլորիտ ստեղծող անձնավորություններից է: Նա նվագում է որակյալ երաժշտություն, ընդ որում, ինչպես ես եմ զգացել, դա անում է ոչ այնքան գումար վաստակելու, ինչքան սեփական հաճույքի համար և ինչո՞ւ ոչ՝ մարդկանց ուրախություն պատճառելու համար:
Բայց արի ու տես, որ Հյուսիսային պողոտա-Աբովյան հատվածում կա մի հատ անհայտ սուբյեկտ, ում գենոտիպի մեջ, ամենայն հավանականությամբ, շատ ուժեղ ներկայացված են քյաբաբն ու ինչ-որ թուրքական մուեդզինի գեներ, ով արդեն երկրորդ անգամ էս տղու վրա ոստիկանների է կանչում և բողոքում է, որ իրեն անհանգստացում են: Մեկ անգամ Գևորգին տարել են ոստիկանության Կենտրոնի բաժանմունք, սակայն չեն ասել, թե ով է բողոքել: Սա էլ արդեն երկրորդ անգամ են փորձում:
Նախ՝ հետաքրքիր կլինի իմանալ, թե էդ ո՞ր մի բարձրաճաշակ էակն է, որին Գևորգի երաժշտությունն այն աստիճան է անհանգստացնում, որ նա արդեն երկրորդ անգամ է ոստիկանություն դիմում: Հետո, հետաքրքիր կլինի տեսնել քաղաքի այդ՝ ամենաթանկ հատվածում բնակվող մարդուն, ով իրեն չի կարողանում ձայնամեկուսացնող պատուհաններ թույլ տալ, որպեսզի երաժշտությունը իրեն չխանգարի:
Իսկ ընդհանրապես, էդ բռի չոբանը կուզենայի, որ իմանար, որ այս դեպքում իր մասնավոր շահ ասեմ, թե ինչ ասեմ, էական չէ, որովհետև հանրային շահը գերակայում է մասնավոր շահին, իսկ տվյալ պարագայում հանրային շահը կայանում է նրանում, որ Գևորգը հանգիստ ու անարգել շարունակի նվագել այդտեղ և այդ կերպ ավելի գեղեցկացնի մեր քաղաքն ու դրական էմոցիաներ պարգևի մեզ:



