Դժվար է տղամարդու գործը: Միայնակ տղամարդու գործը: Առավոտյան վերկաց, երբ ոչ ոք չի բղավում «Ուշանում ես, արագացրու:» Սափրվել, երբ միևնույն է անտրամադիր ես: Սուրճ պատրաստել, երբ նախորդ օրը մոռացել ես շաքարավազ գնել: Հիշել, որ անպայման պետք է լվանալ երեկվա թողած ամաններն ու բաժակները: Հավաքել անկողինը: Լվացք, արդուկ: Դժվար է… Օճառափրփուրը դեմքիս էր, երբ լսվեց դռան զանգը: Կանգնած է մի հարկ ներքև ապրող հարևանս: - Բարի լույս, հարևան ջան, ինչ լավ է, որ չես գնացել դեռ: - Բարի լույս,- ոչ ես գիտեմ նրա անունը ոչ էլ նա իմ: - Փող ենք հավաքում, Արմենի հայրն է մահացել, ով ինչքան կարող է… - Արմենն ո՞վ է, հարևան ջան: - Քո վերևի հարևանը, այ մարդ դու անտեղյա՞կ ես: - Բայց իմ վերևում տարիքով մարդ չի ապրում, կամ էլ երևի անկողնային է եղել: - Չէ, այստեղ չէր ապրում, այլ հողամասում, ամառանոցում, բայց այստեղից են թաղելու: - Ինչքա՞ն եք հավաքում: - Ով ինչքան կարող է, պետք է պատվով հարգանքով…մեր հարևանների պատիվն է չէ՞: Մեկնում եմ հինգ հազարանոցը: - Սա բավակա՞ն է: Գրպանից հանեց մի ճմրթված թուղթ, ուզում է գրել ու նայում է դեմքիս: - Ռուբիկ, բայց կարող ես չգրել, ի՞նչի համար, ես անվերադարձ եմ տալիս: - Կարգ է հարևան ջան, լավ, ապրե՛ս, կես ժամ հետո հավաքվում ենք նրանց դռան մոտ: Աստիճանավանդակում հարևաններն են, երևի բոլորը: - Ավո՞, դու կարծեմ «Ստանդարտների վարչությունում» ես աշխատել, մահախոսականը դու կասես գերեզմաններում, կիմանաս կենսագրությունը ու մեր անունից… - Հասկացա, կանեմ, էնպես խոսեմ որ, Սերոբ ջան: - Հա չմոռանաք, բակն ավլել տալ, մի երկու հազար որ տանք, կմաքրեն: - Պետք է ճշտել, որտե՞ղ են հերձելու, մի երկու հոգի ուղարկենք էնտեղ: - Դա ի՞նչի համար է: - Ո՞նց թե,- զարմացավ Սերոբը,- կարգին պետք է հերձել, մեր պատիվն է, ամենալավ հերձում են Շտաօգնության հերձարանում՝ Ռուզանի մոտ, Արմենին պետք է ասենք, երիտասարդ է կարող է չիմանա: - Ես, ես ի՞նչ անեմ, - դիմում է մի չափից ավելի նիհար մարդ, երևի էլի հարևանններից է: - Դու էլ հոգեհացի ժամանակ կենացները կասես, ամեն ինչ հերթով, կարգ ու կանոնով, ես քեզ կտամ գրած հերթականությունը, ինձ մոտ ստանդարտ կա գրված: - Դու, - դիմում է ինձ,- կկազմակերպես պսակների տանելը մինչև փողոց, կհաշվես որ գերեզմաններում հանկարծ չպակասի, կնստես այդ մեքենան, քո գործը հեշտ կլինի: - Սերոբ ջան, մի բան էլ ես ասե՞մ,- հարևաններից մեկն է ու թևատակին մի քրքրված թղթապանակ է: - Ասա, ասա, մի րոպե, բոլորս լսում ենք մեկ մարդու նման: - Էս ինչո՞ւ է փակ Արմենենց դուռը, պետք է բաց լինի, կարգն է այդպես: - Երևի բոլորով այնտեղ են, ի՞նչ իմանամ: … Աստիճաններով բարձրանում էր Արմենի մայրը, ցանցատոպրակներով: - Արևհատ ջան, ցավակցում ենք,- հարևաններով գնացին ընդառաջ: - Շնորհակալ եմ, այս ի՞նչպես եք իմացել, ես ընդամենը մի կես ժամ առաջ եմ ասել խանութում: - Բա որ օրվա հարևաններն ենք, Արևհատ ջան, բա Արմենն ո՞ւր է: - Ի՞նչպես թե, գնաց գյուղ, հորեղբոր թաղմանը… Զարմացած հայացքների տակ Արմենենց դուռը փակվեց տիկին Արևհատի ետևից:

Դժվար է տղամարդու գործը: - Սերոբ, այս ո՞նց եղավ: - Ի՞նչ է եղել, որ, ուրեմն հավաքած փողով մուտքն ենք վերանորոգելու: - Դու Ստանդարտների վարչությունում ես չէ՞ աշխատել, կգնես գաջն ու ցեմենտն: - Դու,- դիմում է նիհար հարևանին, -ավազն ու գործիքները: - Մի բան ասե՞մ, - թևատակի թղթապանակը փոխելով մյուս թևի տակ ասաց մյուսը,- էդ պարկերը որտե՞ղ ենք դնելու, կգողանան: - Ռուբի՛կ, - դիմում է ինձ Սերոբը, - դու գիշերը մինչև ժամը մեկը կմնաս հերթապահ, քեզ կփոխի առաջին հարկի մեկսենյականոցի Հրաչը…

Դժվար է տղամարդու գործը, իմանալ որտեղ են լավ հերձում, կազմակերպել հոգեհացի կենացները, հերթապահել շքամուտքում հաշվել որ հանկարծ պսակները չգողանան… Դժվար է տղամարդու գործը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել