Երեկ Ժնևում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հանդիպումը շարունակվել է մինչև ուշ գիշեր՝ 01:00: Այսօր արդեն Մոսկվայում խորհրդակցությունները կշարունակվեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ: Չի բացառվում, որ կմասնակցի նաև Սերգեյ Լավրովը:

Օրակարգում կրակի դադարեցումն է՝ Ռուսաստանի նախագահի կոչը՝ դադարեցնել կրակը դիակների դուրսբերման և գերիների փոխանակման համար:

Բնական է, որ գործընթացը սկսվել է Ադրբեջանի հետ երկար-բարակ քննարկումներից, որովհետև բոլորի համար ակնհայտ է, որ Ադրբեջանն է սանձազերծել այս պատերազմը և Ադրբեջանն է այսօր անընդունելի նախապայմաններ առաջադրում հրադադարի վերականգնման համար: Ուստի պետք է ենթադրել, որ Ժնևում բավական մեծ ճնշում է գործադրվել Բայրամովի վրա, և դա տվել է իր արդյունքները՝ Մոսկվայի հանդիպումը հնարավոր է դարձել:

Դրական է, որ Թուրքիան այս գործընթացում որևէ ուղղակի ներգրավվածություն չունի՝ ոչ որպես կողմ, ոչ որպես միջնորդ: ԵՎ ՉԻ ԷԼ ԿԱՐՈՂ ՈՒՆԵՆԱԼ:

Միջնորդները ձգտելու են հումանիտար նպատակներով հաստատվող այս հրադադարը, եթե, իհարկե, հաջողվի այն հաստատել և պահպանել, վերածել երկարաժամկետ հրադադարի և կողմերին նստեցնել բովանդակային բանակցությունների:

Շատ ցանկալի և արդյունավետ կլիներ, որ Արցախի Հանրապետությունն ուղղակի մասնակցեր այս գործընթացին, քանի որ հենց Արցախն է այսօր պատերազմ մղում Ադրբեջանի և Թուրքիայի դեմ, և նա է լինելու հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունների կատարողը: Այս համատեքստում շատ կարևոր է, որպեսզի խոսք չգնա նոր երկկողմ հրադադարի համաձայնագրի մասին, պետք է ընդամենը լինի վերադարձ 1994-ի եռակողմ հրադադարի համաձայնագրին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել