iLur.am-ը առաջիկայում ձեզ կներկայացնի հայ պաշտոնյաների հայտարարագրերը, որոնք, ի դեպ, բավականին ուշագրավ բովանդակություն ունեն: Պարզվում է՝ մեր պաշտոնյաների գերակշիռ մասը, բացի աշխատավարձից, իրենց բանկային հաշիվների վրա ունեն բավականին մեծ գումարներ, ինչը նրանք կամ փոխառությամբ են տալիս՝ դրա դիմաց ստանալով տոկոսներ, կամ էլ՝ ներդնում են ավանդների տեսքով եւ նորից ստանում շահույթներ: Բավականին մեծ: Ընդ որում՝ պաշտոնյաների կանայք եւս չեն զիջում իրենց ամուսիններին: Մեկ էական հանգամանք, սրանք այն փողերն ու ունեցվածքն են, որոնք պաշտոնյաները բացահայտ հայտարարագրել են եւ գրանցել են իրենց անուններով: Դա նշանակում է, որ հայտարարագրվածը կարող է զգալիորեն քիչ լինել նրանց իրական կարողություններից: Վկան՝ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ով հայտարարել էր, որ պաշտոնյաները իրենց ունեցվածքը եւ բիզնեսները հայտարարագրում են քեռիների եւ զոքանչների անուններով: Ամեն դեպքում՝ անգամ այս հայտարարագրերը հնարավորություն են տալիս պարզելու, որ պաշտոնյաները շատ ավելի մեծ գումարների են տիրապետում, քան կարող են իրենց հնարավորություն տալ՝ իրենց աշխատանքը կամ զբաղեցրած պաշտոնները:
Նախօրեին մենք անդրադարձել էինք վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարագրերին, այսօր հերթը Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանինն է:
Պարզվում է, այսպես, որ միշտ պարտիական եւ ապա անկախությունից հետո՝ պետական պաշտոններ զբաղեցրած տիկինը բավականին մեծ գումարներ ունի՝ եւ դա դեռ միայն իր անունով գրանցված: Ահավասիկ՝ նախարար Հակոբյանի հայտարարագիրը: Ի դեպ, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հաձնաժողովի կայքում Հրանուշ Հակոբյանի դեպքում ներկայացված են միայն 2012-ի հաշվետվությունները՝ 2011-ի մասին: Նոր հաշվետվությունները՝ 2012-ի վերաբերյալ, չկան:
Այսպես, ըստ հայտարարագրի՝ Հրանուշ Հակոբյանն ունի 3 անշարժ գույք՝ բնակարան, ավտոտնակ եւ հողակտոր: Դրանց չափն ու գտնվելու վայրերը չեն նշվում:
Բանկում Հակոբյանն ունեցել է 21 մլն 866 հազար դրամ, 43 հազար 135 դոլար, 12 հազար 712 եվրո եւ, ուշադրություն՝ 82 հազար 821 ԽՍՀՄ ռուբլի:
Հրանուշ Հակոբյանը նաեւ 7 մլն դրամի ժառանգություն է ստացել:
Հրանուշ Հակոբյանը երեք տեղից (չի նշվում՝ որտեղից, ենթադրաբար, սրանցից մեկը՝ Սփյուռքի նախարարությունից) ստացել է աշխատավարձ. 1 մլն 541 հազար դրամ, 810 հազար դրամ եւ 312 հազար դրամ:
Հեղինակային գրքի վաճառքից ստացել է՝ 171 հազար դրամ եկամուտ, 687 հազար 690 դրամ էլ՝ ստացել է բանկից, որպես ավանդի տոկոս:
Հ.Գ. Ի դեպ, ԽՍՀՄ ժամանակների համար 82 հազար ռուբլին բավականին մեծ գումար էր, եւ նման գումար որեւէ պաշտոնյա հենց այնպես չէր կարող կուտակել: Նույնքան կասկածելի է նաեւ Հրանուշ Հակոբյանի ներկա գումարների ծագումնաբանությունը: Ի դեպ, վերջինս, ինչպես եւ պետական պաշտոնյաների գերակշիռ մասը, կարող է գրքեր գրել այն մասին, թե ինչպես ստանալ գրեթե այնքան աշխատավարձ, որքան մյուսները, սակայն բանկում ունենալ միլիոնավոր դրամներ: Հրանուշ Հակոբյանն, օրինակ, ըստ կառավարության կայքում տեղադրվեծ իր կենսագրության, հետեւյալ աշխատափորձն ունի:
1975-1983 թթ. - Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դասախոս
1978-1983 թթ. - ԵՊՀ ԼԿԵՄ կոմիտեի քարտուղարի տեղակալ, քարտուղար
1983-1985 թթ. - ՀԼԿԵՄ կենտկոմի քարտուղար
1985-1990 թթ. - ՀԼԿԵՄ կենտկոմի առաջին քարտուղար, ընտրվել է ՀամԼկեմ Կենտկոմի բյուրոյի անդամ (Մոսկվա)
1986-1990 թթ. - ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, ԳԽ նախագահության անդամ
1990-1995 թթ. - ՀՀ ԳԽ և ԱԺ պատգամավոր, ԱԺ սոցիալական առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
1995-1996 թթ. - նույն հանձնաժողովի նախագահ
1995-1997 թթ. ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
1996-1998 թթ. - ՀՀ սոցիալական ապահովության նախարար
1996-2008 թթ. - Միջխորհրդարանական միության միջազգային վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ, ապա ղեկավար, Կանանց հիմնախնդիրները համակարգող խորհրդի անդամ
1999-2003 թթ. - ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ԵՄ-Հայաստան հանձնաժողովի փոխնախագահ
2003-2008 թթ. - ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
2008 թ. հունիսից - ՀՀ ԱԳՆ սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ
2008 թ. հոկտեմբերից` ՀՀ սփյուռքի նախարար,
2012 թ. հունիսի 16-ին վերանշանակվել է ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնում
2013 թ. մայիսի 8-ին վերանշանակվել է ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնում: