Հայկ Մարության. «Չեմ ուզում մտնել քաղաքականություն»Hraparak.am-ը գրում է.

Ուղեվարձի թանկացման դեմ քաղաքացիական հասարակության հաղթանակից հետո երիտասարդներն ու հանրահայտ դեմքերն ամբողջովին ազարտի մեջ են ընկել, նրանք չեն պատրաստվում գնալ տուն, երեկ նրանց մի մասը քաղաքապետարանի առջեւ նստացույց էր սկսել եւ նոր պահանջներով էր հանդես գալիս: Արդյոք քաղաքացիական հասարակության զարթոնքը չի՞ խամրի հետագայում, եւ արդյո՞ք հասարակության այս ակտիվ շերտը նույն եռանդով կմասնակցի առաջիկայում երկրում առկա մյուս խնդիրների լուծմանը: Զրուցեցինք ուղեվարձի թանկացման դեմ ակցիայի առաջամարտիկ, կազմակերպիչ «Կարգին» Հայկոյի՝ Հայկ Մարությանի հետ:

- Հայկ, ինչպե՞ս ընդունեցիք ուղեվարձի թանկացման որոշման կասեցումը, համարո՞ւմ եք դա քաղաքացիական հասարակության հաղթանակը:

- Իհարկե, ես ուրախ եմ, շատ ուրախ եմ մեր քաղաքացիների համար, որոնք կարողացան պայքարել եւ հասնել հաղթանակի: Այս ընթացքում մի շատ կարեւոր բան բացահայտվեց. մենք տեսանք, թե ինչ հրաշալի, պայքարող երիտասարդություն ունենք: Երիտասարդություն, որը ցնցեց ամբողջ հայ ազգը եւ ցույց տվեց, որ մենք ապագա ունենք: Ես ուղղակի հիանում եմ իրենցով:

- Ձեր պայքարը երկրում առկա ցավոտ հարցերի լուծման ուղղությամբ այսքանով սահմանափակվելո՞ւ է, թե՞ շարունակելու եք քաղաքացիական ակտիվ կեցվածք դրսեւորել այլ կնճռոտ հարցերի նկատմամբ:

- Ճիշտն ասած, ես ընդհանրապես բոլոր հարցերում ակտիվ կեցվածք եմ ընդունել, ուղղակի այս հարցում ես ֆիզիկապես եմ կոնկրետ գործողություններ արել: Մնացած հարցերում, ցավոք սրտի, ֆիզիկապես ոչ մի օգնություն չեմ կարողացել ցուցաբերել մեր ժողովրդին, ենթադրենք գազի եւ այլ ապրանքների թանկացման հարցում: Ես չեմ կարող գնալ մարդկանց բնակարաններն ու գազ քաշել: Իսկ այս դեպքում գոնե կարող էի գոնե նրանց փոխադրել իմ մեքենայով: 

- Ի դեպ, ինչո՞ւ ակտիվ չէիք նախկինում, ինչո՞ւ չեք կարողացել այդ հարցերում էլ մասնակից դառնալ, օրինակ, բնապահպանական եւ այլ խնդիրների լուծմանը:

- Ես կարող եմ ասել, որ ամեն մեկն իր չափով պետք է գործ անի, թող ամեն մեկն անի այն, ինչ կարողանում է: Առհասարակ, մի մարդը չի կարող ամեն ինչ անել, եթե այդպես լիներ, Հայաստանում կլիներ ընդամենը մեկ նախարարություն եւ մեկ նախարար, եւ ինքը կզբաղվեր ամեն ինչով:

- Այնուամենայնիվ, Դուք շարունակելո՞ւ եք պայքարել այլ հարցերում, այսինքն, Ձեր ասած՝ ֆիզիկական ակտիվ մասնակցություն ցուցաբերել:

- Յուրաքանչյուր հարց, որ մտահոգում է ժողովրդին, մտահոգում է նաեւ ինձ: Յուրաքանչյուր հարցում ինչքանով որ կարողանամ, կպայքարեմ եւ կօգնեմ ժողովրդին, քանի որ ժողովրդի մի մասնիկն եմ ես:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել