1in.am-ը գրում է.
Ապրիլի 2-ին Պռոշյանի գյուղապետարանի մոտ գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունից հետո հուլիսի 14-ին Պռոշյան գյուղում անցկացվեցին գյուղապետի արտահերթ ընտրություններ, և համայնքի ղեկավար ընտրվեց ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանը:
Ընտրություններից հետո էլ Պռոշյան համայնքում իրավիճակը շարունակում է մնալ լարված: Նոր գյուղապետի հետ էլ մեծ հույսեր չեն կապում, ավելին՝ այն կարծիքին են, որ հանրապետական մարզպետը հասավ իր ուզածին՝ հանրապետական գյուղապես ընտրվեց:
Նրանք չեն ակնկալում, որ գյուղում փոփոխություն կլինի:
«Այս գյուղը միակ գյուղն էր, որ չուներ հանրապետական նախագահ: Քսան տարի է՝ գիտենք, թե ինչ է անում Հանրապետական կուսակցությունը»,- ասաց պռոշյանցիներից մեկը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
Գյուղապետի սպանության մասին այլևս չեն խոսում՝ դա համարելով իրենց համար մութ անկյուն:
Պռոշյան գյուղում ասօր լարված մթնոլորտի միակ մեղավորը համարում են մարզպետին: Ավելին, նրանք նշեցին, որ Պռոշյան համայնքի դպրոցը արդեն երկու տարի է՝ տնօրեն չունի:
«Երկու տարի է՝ դպրոցը չունի տնօրեն, ու այսպես մատաղ սերունդ ենք դաստիարակում. ում նշանակեցին, Կովալենկո Շահգալդյանը համաձայն չեղավ: Հիմա գյուղում ամբողջ օրը բլոտ են խաղում՝ առավոտից մինչև ուշ գիշեր, քանի որ հող մշակելու համար ոռոգման ջուր չունեն»,- ասացին գյուղացիները:
Նրանք չեն հավատում, թե նոր գյուղապետը կլուծի ոռոգման ջրի խնդիրը, քանի որ ընտրություններից առաջ խոստանում են, իսկ հետո մոռանում:
«Մի անգամ կառավարությունը մտածո՞ւմ է, որ ժողովուրդը սոված կոտորվում է, այսքան տարի հաչում ենք և ոչ մի փոփոխություն»,- զայրացած ասաց գյուղացիներից մեկը: