Երևանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մոտակայքում երկու ադրբեջանցիների առկայության մասին երեկ երեկոյան տարածված լուրերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ համատեղ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հրատապ կերպով հայտնաբերվել են քաղաքացիների կողմից նկատված երկու օտարերկրացիները:
Համապատասխան պարզաբանումների ընթացքում նշված անձանց՝ հակառակորդի հետ կապ ունենալու, տեղի ունեցող հակամարտությանն առնչվելու վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել:
Պարզվել է, որ նրանք Ուզբեկստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության քաղաքացիներ են, դեռևս 2020 թվականի մարտ ամսից հանգամանքների բերումով և ժամանակավորապես գտնվում են Հայաստանի Հանրապետությունում, զբաղվում են բանվորական աշխատանքով, վարձակալական հիմունքներով բնակվում են Երևանում, իսկ Հայաստանի Հանրապետությունից նրանց մեկնումը հետաձգվել է՝ պայմանավորված կորոնավիրուսային համավարակի տարածման սահմանափակումներով:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն իր երախտագիտությունն է հայտնում մեր քաղաքացիների կողմից ցուցաբերվող զգոնության համար և նրանց կրկին հորդորում, որ կասկածելի անձանց ու երևույթներ նկատելու դեպքում առաջնային կերպով հայտնեն պատկան մարմիններին: