Երբ մտաբերում եմ, թե ինչպիսի խոստումներ ենք մենք լսել տարբեր ձևաչափի ընտրություններից առաջ, և տեսնում եմ, թե ինչ է արվում այդ խոստումների փոխարեն, ցանկություն է առաջանում բացականչել. «Բավ է մարդկանց գցեք մոլորությունների հորձանուտը, կամ ժողովրդական լեզվով ասած` պարզապես «քցեք»»: Հին Հռոմում սենատորի թեկնածուները ընտրություններից առաջ հազար անգամ մտածում էին, նոր էին խոստումներ տալիս ժողովրդին, քանզի քիչ չեն եղել դեպքեր, երբ սենատոր դառնալուց հետո տվյալ անձը ժողովրդի պահանջով վայր է դրել իր մանդատը, և նրան այդ հարկադրված քայլից նույնիսկ կայսրը չի կարողացել հետ պահել, քանզի հռոմեացիները նմանատիպ հարցերում շատ հետևողական էին և մինչև վերջ էին գնում: Խոսքը վերաբերում է նախընտրական խոստումները խոստացողի կողմից իրականացնելուն: Մի պահ պատկերացրի, թե ինչպիսի զարմանք կապրեին հին հռոմեացիները, եթե նրանք տեսնեին, թե Հայաստանում ընտրություններից առաջ թեկնածուների կողմից ինչ խոստումների շքերթ է տրվում, և ոնց են դրանք անտեսվում ընտրություններից հետո: Ի՞նչ է կատարվում մեզ մոտ ընտրություններից առաջ. ամենախուլ գյուղի գյուղապետի ընտրություններից սկսած, վերջացրած նախագահի ընտրություններով` անիրականանալի խոստումների գերհոսք է սկսվում դեպի ժողովուրդ: Թեկնածուները շատ անգամ նույնիսկ չեն նկատում, որ իրենց ուտոպիա հիշեցնող խոստումները չկատարելը իրենց որակազրկում է ժողովրդի աչքին, հիասթափեցնում է և արժեզրկում է պետականության գաղափարը, քանզի ստով իշխանության եկածը երկիր չի կառուցի...
Այստեղից է սկսվում արատների երևան գալը, պատկերացրեք` ինչպես կարող է խաբեությամբ ընտրված անձը պահանջի, օրինակի համար, գյուղացուց պետական մտածելակերպ դրսևորել, չէ՞ որ նույն գյուղացին պահի տակ նրան կարող է ասել. «Իսկ դատավորն ո՞վ է, դու, ով արդեն խաբել է մի ամբողջ գյուղի...»:
Հ.Գ. Ժամանակն է եկել, որպեսզի մեզ մոտ ձևավավորվի նմանատիպ ավանդույթ, ինչպիսին էր Հին Հռոմում, այսինքն՝ ասել ես` կատարիր կամ հեռացիր անհապաղ և տեղդ զիջիր նրան, ով գուցե քիչ է խոստանում, բայց իր խոսքին միշտ տեր է կանգնում: