Hraparak.am-ը գրում է․

Պատերազմի շրջանում բոլորս միավորվում ենք՝ այդպիսին է մարդու, առավել եւս հայի բնույթը։ Մարդիկ թողնում են իրենց քաղաքական եւ անձնական հակասությունները, դառնում մեկ մարդ եւ պայքարում մեկ ընդհանուր թշնամու՝ մեզ պատերազմ հայտարարած պետության դեմ։ Եվ ով համարձակվում է մի թթու խոսք ասել օրվա իշխանությանը, այնպես են հարձակվում ու քարկոծում նրան՝ աղմուկով, թե պետք է նման իրավիճակներում համերաշխություն եւ միասնականություն ցուցաբերել։ Ճիշտ է, դեմ չենք, չենք առարկում։ Եվ մեր ընդդիմությունն էլ, ի պատիվ իրեն, այս օրերին միասնաբար պայքարում է հանուն ռազմաճակատի, հանուն մեր զինվորի եւ հայրենիքի։ Թեպետ կարծում ենք, որ ստեղծված իրավիճակի մասին առնվազն որոշ հարցադրումներ ընդդիմադիր քաղաքական դաշտը կարող է բարձրաձայնել՝ ուղղված գործող իշխանություններին եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Այս օրերին այդ նույն ընդդիմադիրները ոչ միայն բանավոր խոսքով, այլեւ գործնականում են մեծ աջակցություն ցուցաբերում բանակին ու հայ զինվորին։ Մի մասը, ովքեր իրենց փորձով եւ գիտելիքներով պիտանի են ռազմաճակատում, արդեն իսկ մեկնել են Արցախ՝ կանգնելով բանակի կողքին, մյուս մասը տեղեկատվական դաշտում է պայքարում, երրորդներն էլ՝ ֆինանսապես։ Բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ ու քաղաքական ուժեր այս օրերին հանգանակություններ, տարատեսակ օգնություն են կազմակերպում, որոնք ուղղում են բանակի կարիքները հոգալուն, նաեւ Արցախից տեղափոխված ընտանիքների կեցության հարցերն են այստեղ լուծում։ Այս ամենը մասամբ հանրայնացվում է, մասամբ՝ լուսաբանվում, բայց ոչ երբեք իշխանական քարոզչական միջոցներով։

Ուստի հարց է առաջանում․ եթե իշխանությունները համատարած կոչ են անում համախմբվել, ազգովի միավորվել եւ համերաշխություն ցուցաբերել այս դժվարին օրերին, ինչո՞ւ իրենք էլ այդ համերաշխությունը չեն ցուցաբերում ընդդիմության հանդեպ։ Օրինակ՝ ինչո՞ւ իշխանական կայքերն ու անհատ քարոզիչներն իրենց մեդիա հարթակներում չեն գրում Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի եւ ԲՀԿ-ի, Դաշնակցության, «Հայրենիք»-ի եւ մյուս այլ ընդդիմադիր ուժերի ու գործիչների՝ բանակին ու ռազմաճակատին ցուցաբերած աջակցության մասին։ Մինչդեռ, երբ հանկարծ որեւէ մեկը համարձակվում է որեւէ թթու խոսք ասել իշխանության կամ վարչապետի հասցեին, անմիջապես հայտնվում է այդ նույն քարոզիչների հարձակման թիրախում։ Իշխանական քարոզչություն իրականացնող ֆեյսբուքյան տարբեր խմբերում թոշակառու տատիկի 5 հազար դրամի նվիրաբերումը կարող են ակտիվորեն տարածել եւ սրտիկներ հավաքել, իսկ ընդդիմադիր գործիչները, որ բեռնատարներով օգնություն են ուղարկում Արցախ կամ միլիոններով գումար են փոխանցում համահայկական հիմնադրամին, այդ մասին որեւէ խոսք չկա։ Էլ չենք ասում, որ մինչեւ հիմա դեռ Ֆեյսբուքում վխտում են ֆեյքեր ու վճարովի ստատուս գրողներ, որոնք շարունակում են հայհոյել անգամ Արցախ մեկնած նախկին պաշտոնյաներին՝ հիշեցնելով նրանց նկատմամբ հարուցված քրեական գործերի մասին ու հայտարարելով, թե նրանք պետք է հիմա բանտում լինեին, ոչ թե Արցախում՝ հայրենիքի ու բանակի կողքին։

Իհարկե, պետք չէ հայրենիքին օգտակար լինել գովազդվելու եւ շնորհակալության արժանանալու համար, բայց եթե մի կողմի արածները կարող եք ակտիվորեն տարածել, ապա մյուս կողմինն էլ մի անտեսեք։ Ի վերջո, այդ միասնականությունն ու համերաշխությունը միակողմանի չեն լինում։ Տպավորություն է, թե մեր իշխանությունը ցանկանում է ամեն ինչից օգուտ քաղել, պարտությունն անգամ որպես հաղթանակ ներկայացնել, իսկ հաղթանակի դափնիներն էլ միայնակ վայելել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել