1lurer.am-ը գրում է․
ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ Վարդենիսում իրավիճակին՝ հաշվի առնելով, որ օմբուդսմենը տեղեկացրել էր, որ ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի պատճառով դադարեցրել է այնտեղ իր փաստահավաք աշխատանքները:
«Ընդանուր առմամբ, հետախուզական, հարվածային ԱԹՍ-ների և այլ սարքերի գործունեություն կա և ոչ միայն այդ ուղղությամբ, բայց ակտիվ մարտական գործողություններ ՀՀ սահմանի այդ հատվածում չկան»,- ասաց Հովհաննիսյանը:
Խոսելով միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների արձագանքին՝ ռազմական գործողություններին վարձկանների մասնակցության վերաբերյալ՝ Հովհաննիսյանը նշեց, որ այլևս ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում, որ Ադրբեջանը և Թուրքիան ներգրավել են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների զինյալներ:
«Ապացույցները ներկայացված են և ներկայացվում են: Սա ոչ մեկի մոտ այլևս կասկած չի հարուցում, բացի բուն կիրառողներից, որոնք համառորեն փորձել են ու փորձելու են թաքցնել, բայց իզուր»,- ասաց Հովհաննիսյանը:
Լրագրողի հարցին ի պատասխան՝ ՊՆ ներկայացուցիչն ասաց, որ երկու կողմերում գերիների մասին որևէ տեղեկություն չունի: