Ամերիկահայ պրոֆեսիոնալ պոկեր խաղացող, դերասան և ինտերնետային աստղ Դեն Բիլզերյանի ընտանիքը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հարձակման հետևանքով տեղի ունեցող ռազմական գործողություններում հաջակցություն հայերի Համահայկական հիմնադրամին 250 000 դոլար է նվիրաբերել: Այս մասին Բիլզերյաններիի ընտանիքի հայրը հայտնել է USA Armenia News հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում:
Հարցազրույցի ժամանակ Փոլ Բիլզերյանը մտահոգություն է հայտնել ադրբեջանական և թուրքական ագրեսիայի առնչությամբ, կոչ արել հայկական կողմին համախմբվել, թուրքերին ստիպել հասկանալ, որ նրանք գործ ունեն ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի հայության հետ:
Ավելի ուշ ընտանիքի հայրը որդիների՝ Ադամ և Դեն Բիլզերյանների անունից հայտնել է հայկական ուժերին գումարային աջակցության մասին: Ադամ Բիլզերյանն իր հերթին խոսել է հայկական դպրոցների վերականգնման և կրթությունը խթանելու համար իրենց ստեղծած հիմնադրամի մասին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 7 ուղղաթիռ, 84 անօդաչու թռչող սարք, 169 միավոր զրահատեխնիկա, հիմնականում՝ տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, մեկական «Սմերչ» և «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 920 զոհ, որից 180-ը՝ Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 2100 վիրավոր։
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ, Մարտակերտում՝ 3 մարդ, 2-ը՝ Մարտունի քաղաքում (տատ ու թոռ): Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։