Panorama.am-ը գրում է․

Ադրբեջանի կողմից արցախյան շփման գծում պատերազմ սանձազերծելուց հետո, Հայաստանի գրեթե բոլոր անկյուններից մարդիկ սկսել են սնունդ, հագուստ, առաջին անհրաժեշտության պարագաներ հավաքագրել՝ մի մասը սահմանի, մյուս մասն էլ՝ թշնամու գնդակից տուժած բնակավայրերի քաղաքացիներին օգնելու համար։ Թեև քաղաքացիները մեծ սրտացավությամբ ու սիրով են իրականացնում հավաքագրման աշխատանքները, այնուամենայնիվ, երբեմն դրանք այնքան էլ արդյունավետ չեն։

«Հայեր ջան, հասկանում եմ, որ բոլորս էլ ուզում ենք ինչ-որ բանով օգնել, բայց, խնդրում եմ, երբ հագուստ եք ուղարկում, ստուգեք, որ այն մաքուր լինի, քրքրված չլինի: Ուղարկեք թեկուզ օգտագործված, բայց լավ և մաքուր վիճակում գտնվող հագուստ, մի ուղարկեք հագած ներքնաշոր, անգամ լվացված և նորմալ վիճակում: Երեկ ուղարկված հագուստն էինք դասավորում ըստ սեռի և տարիքային խմբերի, զգալի մասը ստիպված էինք թափել: Դա ոչ միայն ժամանակի և ռեսուրսի կորուստ էր, այլ նաև շատ ծանր հոգեբանական պահ, որ մարդը ցանկացել է օգնել, բայց դու պետք է իր ուղարկածը թափես»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է օգտատերերից Արման Հայրապետյանը։

Նմանատիպ գրառումներ կարող ենք տեսնել ֆեյսբուքյան տարբեր խմբերում. քաղաքացիներին, ՀԿ-ներին, տարբեր նախաձեռնող խմբերին զուգահեռ հագուստի հավաքագրման զբաղվում են նաև մասնագիտացված կազմակերպությունները։

Ադյո՞ք շատ են մարդիկ, որոնք արցախցիներին տրամադրվելիք հագուստ հավաքագրելու  համար դիմում են կազմակերպություններին։ Panorama.am-ի հարցին ի պատասխան, հագուստի չոր մաքրում, լվացում, ներկում, ինչպես նաև հավաքագրում իրականացնող «Selena Service» ընկերությունից ասացին, որ այժմ հագուստ են հավաքագրում։

Ընկերությունը, հավաքագրելով օգտագործած հագուստ, լվանում, անհրաժեշտության դեպքում ձևափոխում է այն, ապա հանձնում կազմակերպություններին։ Եթե քաղաքացին անձամբ չի տանում, այլ դիմում է ընկերությանը, որպեսզի աշխատակիցները մոտենան և վերցնեն օգտագործված հագուստը, ապա պետք է նաև հոգա տրանսպորտային միջոցի ծախսը։ 

«Մենք տարվա ողջ ընթացքում պարբերաբար հագուստի տրամադրում ենք իրականացնում։ Մարդիկ մեզ դիմում են մեր ֆեյսբուքյան էջով, ինչպես նաև մեր հեռախոսահամարներով։ Ցանկացած պահի կարող են դիմել, և մենք արդեն լվանում ու տրամադրում ենք տարբեր հագուստներ»,- հայտնեցին ընկերությունից։

Ճշտող հարցին, թե արդյո՞ք արդեն Արցախից ժամանած որևէ քաղաքացի դիմել է հագուստ ստանալու նպատակով, ընկերությունից պատասխանեցին՝ անհատներին հագուստ չեն հանձնում. «Մենք հագուստը հանձնում ենք համապատասխան մարմիններին։ Այս պարագայում պետական մարմինների հետ ենք համագործակցում, իսկ սովորաբար հագուստ ենք տրամադրում մանկատներին, ծերանոցներին։ Այսինքն՝ այդ դեպքում կոնկրետ կառույցներին ենք տալիս։ Իսկ այս պարագայում պետական կառույցներին ենք տրամադրում»։

Մեր մեկ այլ հարցին՝ արդյո՞ք արցախցիներին օգնելու համար արդեն պետական կառույցների հետ համագործակցություն կա, «Selena Service»-ից պատասխանեցին՝ այս պահին դեռ հագուստի հավաքագրում է իրականացվում. «Հենց պատրաստ լինի, արդեն պետական կառույցների հետ կկապվենք»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել