ՄԻԵԴ-ը կայացրել էր որոշում ավելի վաղ ՀՀ-ի կողմից ներկայացված՝ Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցի խնդրանքը բավարարելու վերաբերյալ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ նշեց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Նա ընդգծեց, որ որոշման մեջ կոչ է արվում Ադրբեջանին և Հայաստանին զերծ մնալ այնպիսի միջոցների կիրառումից, որոնք կառաջացեն քաղաքացիական բնակչության կոնվենցիայով երաշխավորված իրավունքների խախտումներ:

Եղիշե Կիրակոսյանի կարծիքով Եվրոպական դատարանի որոշման տեքստը ակնկալելի էր, քանի որ նման նախադեպ, որ պետության դիմումի հիման վրա դատարանը կայացնում է միջանկյալ միջոց, եզակի դեպքեր են: Նա նշեց, որ սա թվով երրորդ դեպքն է, որ միջանկյալ միջոցի համար դիմում են դատարան, մյուս երկուսը եղել են Ուկրաինայի դիմումի հիման վրա կայացված որոշումները: Նրա խոսքով`բոլոր դեպքերում էլ դատարանը անդրադառնում է երկու երկրների դեպքերին`պետությանը, որը ներկայացրել է դիմումը, և այն պետությանը, որի դեմ ներկայացվել է այն:

«Այդ տեսանկյունից այն մեծ հաջողություն է, քանի որ ՀՀ կողմից ներկայացված դիմումի և ՀՀ ապացույցների հիման վրա է կայացվել որոշումը, և այն, որ դատարանը հարկ չի համարել այն ուղարկել Ադրբեջանի կառավարությանը՝ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար, արդեն իսկ լավ է: Երբ կիրակի երեկոյան դիմումը ներկայացրինք դատարան, հաջորդող օրերին ներկայացրել ենք լրացուցիչ ապացույցներ, որում ցույց են տրվել ընթացիկ դեպքերը՝ շեշտադրում անելով կոնկրետ դեպքերին՝ քաղաքացիական բնակչության թիրախավորմանը և ՀՀ սահմանների ռմբակոծությանը»,- նշեց Եղիշե Կիրակոսյանը:

Նա, մանրամասնելով որոշումը, նշեց, որ պատասխանում նշված են երկու պետությունները, բայց, հաշվի առնելով վեր նշված հանգամանքները, բեռը ընկնելու է Ադրբեջանի կառավարության վրա։ «Պետք է ֆիքսել, որ դիմումը միջանկյալ միջոց կիրառելու համար բավարարվել է, պետությունը դիմում ներկայացնելիս հայտնում է նաև իր մտադրության մասին, որ ցանկանում է առաջ բերել միջպետական գանգատ, սակայն դա դեռ քննարկման փուլում է, քանի որ, ըստ օրենքի, միջպետական գանգատ ներկայացվում է Կառավարության որոշման հիման վրա: Այս պահին քննարկվում են հնարավոր ելքերը և անելիքները, աշխատանքներ են տարվում, քննարկվում են տարբերակներ, թե գանգատ ներկայացնելու իրավական հիմքերը և պատճառաբանությունները, և թե այլ տարբերակներ, որոնք այս պահին չեմ կարող հրապարակայնացնել»,- նշեց նա:

Հարցին, թե ի՞նչ է իրենից ներկայացնում միջանկյալ միջոցը, և դիտարկմանը՝ հայտնի է, որ Ադրբեջանը նույնպես դիմել է ՄԻԵԴ, Եղիշե Կիրակոսյանը նշեց, որ նման տեղեկատվություն դատարանի կայքում չկա, նշված է միայն, որ Հայաստանից է դիմում ներկայացվել, իսկ միջանկյալ միջոցը ժամանակավոր և հրատապ միջոց է, որը դատարանը կիրառում է, երբ առկա է անդառնալի հետևանքների վտանք կոնվենցիոն հոդվածների խախտման վերաբերյալ՝ կյանքի և իրավունքի, խոշտանգումների հետ կապված:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել