Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ ՀՀ կառավարության դիմումի հիման վրա սույն թվականի սեպտեմբերի 29-ին որոշում է կայացրել այն կիրառել։ Մասնավորապես՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել Կոնվենցիայի լրջագույն խախտումների, ՄԻԵԴ-ը 7 դատավորից կազմված Պալատի կազմով որոշել է կիրառել Դատարանի կանոնների 39-րդ կանոնը։ Նման խախտումներ կանխելու համար, ինչպես նաև 39-րդ կանոնի համաձայն՝ ՄԻԵԴ-ը կոչ է անում և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին զերծ մնալ այնպիսի միջոցներից, մասնավորապես՝ ռազմական գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության կոնվենցիոն իրավունքների խախտման, այդ թվում՝ վտանգել նրանց կյանքն ու առողջությունը։ ՄԻԵԴ-ը նաև կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին կատարել իրենց կոնվենցիոն պարտավորությունները, հատկապես Կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 3-րդ (խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելք) հոդվածների առումով։ Երկու բարձր պայմանավորվող կողմերն էլ հնարավորինս սեղմ ժամկետում իրենց պարտավորությունների կատարման մասին տեղեկություն պետք է ներկայացնեն Եվրոպական դատարան։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել