ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ուղղությամբ ձեռնարկված ագրեսիայի փորձի վերաբերյալ։

«Այսօր առավոտյան ՀՀ ԱԳՆ-ն տարածել էր հայտարարություն, որտեղ մատնանշել էր, որ Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում՝ հող նախապատրաստելով Հայաստանի Հանրապետության Վրադենիսի շրջանի ուղղությամբ մարտական գործողություններ ձեռնարկելու համար:

Հաշված րոպեներ անց, Ադրբեջանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Վարդենիսի շրջանի զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ՝ այդ թվում թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը, որի արդյունքում սպանվել է մեկ քաղաքացիական անձ:

Առհամարելով ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ միջազգային հանրության շարունակական կոչերը՝ Ադրբեջանը Թուրքիայի ակտիվ քաջալերմամբ և ռազմաքաղաքական աջակցությամբ, ընդլայնում է ռազմական գործողությունների գոտին՝ դրա մեջ ներառելով նաև Հայաստանի Հանրապետության տարածքը:

Տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը վտանգելու Ադրբեջանի հետևողական փորձերին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կողմից տրվելու է համարժեք ռազմաքաղաքական պատասխան»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ այս պահին հրետակոծվում են ՀՀ Վարդենիսի շրջանի գյուղերը։ Այս մասին գրառում է կատարել ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Վարդենիսում քաղաքացիական ավտոբուս է այրվում հարվածային ԱԹՍ-ի հարվածից։

Նշենք, որ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են վարել ՀՀ ԶՈՒ Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ։  Այս մասին գրառում էր կատարել ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Հակառակորդի այս գործողությանը նախորդել է  Ադրբեջանի պաշտպանության նախարարության ապատեղեկատվությունը, թե, իբր,  Հայաստանի Հանրապետության զինված ուժերը Վարդենիսի շրջանից հրթիռակոծել են Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը։ Այսպիսով, փաստորեն, հակառակորդը փորձել է հող նախապատրաստել հիմնավորելու համար իր հետագա գործողությունները:

Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել