Այս պահին ունենք մոտ 200 վիրավոր, որոնց մի մասը տեղափոխվել է Երևան, բոլորը գտնվում են պատշաճ բժշկական վերահսկողության ներքո տարբեր զինվորական հոսպիտալներում, ինչպես նաև քաղաքացիական հիվանդանոցներում: Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցին հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ ողջ գիշեր ընթացել են մարտեր ամբողջ Արցախի սահմանի երկայնքով, հատկապես հարավի և հյուսիսի ուղղությամբ: «Մեր զինված ուժերին հաջողվել է դիրքային նոր բարելավումներ իրականացնել: Հակառակորդը շարունակել է հակագրոհներ իրականացնել, որոնք հետ ենք մղել: Վաղ առավոտյան, կիրառելով հրետանային միջոցներ, այդ թվում՝ ծանր հրանետներ, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները վերսկսել են հարձակողական գործողությունները: Մեր զինված ուժերն այս պահին վարում են համառ, հերոսական մարտեր»,-ասաց Հովհաննիսյանը:

Հարցին՝ արդյո՞ք ադրբեջանական կողմը դիմել է իրենց զոհված զինվորների դիերը տարհանելու խնդրանքով, Հովհաննիսյանն արձագանքեց, որ ոչ: «Մեր կողմում թողնված տասնյակ դիակներ կան»,- նշեց նա:

Հարցին՝ հաստատո՞ւմ է ադրբեջանցի գեներալի՝ գերի լինելու լուրը, ՊՆ ներկայացուցիչն ասաց. «Այս պահին որևէ կենդանի զինվորական մեր կողմում չկա, բայց քանի որ կան ադրբեջանական զինծառայողների բազում դիեր, որևէ բան վերջնականապես հաստատել կամ հերքել չեմ կարող»:

Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և հետևակի մարտական մեքենա, 1 ինժեներական զրահատեխնիկա: Հակառակորդն ունի առնվազն 27 զոհ, ավելի քան 200 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 31 զոհ և մոտ 200 վիրավոր։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել