1lurer.am-ը գրում է․
Ողջ գիշեր ընթացել են գիշերային մարտեր՝ հատկապես հյուսիսի և հարավի ուղղությամբ՝ տեղեկացրեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնում ճեպազրույցի ժամանակ:
«Մեր զինված ուժերին հաջողվել է դիրքային նոր բարելավումներ իրականացնել, հակառակորդը չի հանգստացել, որոշ տեղերում հակագրոհներ է իրականացրել, որոնք հետ ենք մղել: Վաղ առավոտյան կիրառելով հրետանային միջոցներ, այդ թվում՝ նաև ծանր հրանետներ, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել են հարձակողական գործողությունները: Մեր զինված ուժերն այս պահին մղում են համառ ու հերոսական մարտեր»,- նշեց Հովհաննիսյանը:
ՊՆ ներկայացուցիչը հավելեց, որ այս պահի դրությամբ ունենք շուրջ 200 վիրավոր, որոնց մի մասը տեղափոխվել է Երևան: Բոլորը գտնվում են պատշաճ բժշկական վերահսկողության ներքո տարբեր զինվորական հոսպիտալներում և քաղաքացիական հիվանդանոցներում: