168.am-ը գրում է.

Պաշտպանության նախարարությունը Կառավարության հաստատմանն է  ներկայացրել նախագիծ, որով առաջարկել է մոտ 10 միլիարդ դրամով ավելացնել նախարարությանը տրված ֆինանսավորումը։

Գումարն անհրաժեշտ է ՊՆ-ին, քանի որ նախարարության և մատակարար կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի համաձայն՝ 2020թ.-ին մատակարարման ենթակա ապրանքների դիմաց կանխատեսվող պարտավորությունների չափը գերազանցում է այդ նպատակով պետական բյուջեով հաստատված հատկացումները։

Ըստ ներկայացրած նախագծի՝ ՊՆ-ին անհրաժեշտ հավելյալ միջոցները կազմում են  9.719.325,6 հազար դրամ։

Ուշագրավ է, որ Պաշտպանության նախարարությունը որպես ֆինանսավորման աղբյուր՝ դիտարկել է ոչ թե Կառավարության պահուստային ֆոնդը, այլ առաջարկել  արժեթղթերի  թողարկում՝ 9 ամսվա կտրվածքով։

Նկատենք, որ արժեթղթերի թողարկումը նշանակում է, որ պետությունը պարտք է վերցնում քաղաքացուց և ավելացնում արդեն ներքին պարտքը։

Պաշտպանության նախարարությունն առաջարկել է իրեն անհրաժեշտ գումարը տրամադրել արժեթղթերի թողարկմամբ՝ պայմանով, որ մինչև տարեվերջ ներքին ռեսուրսների հաշվին իրականացման ենթակա ծախսերի առումով որոշակիության աստիճանի մեծացմանը զուգահեռ՝ կրկին անդրադարձ կարվի հարցին։

Ի պատասխան Պաշտպանության նախարարության այս առաջարկի՝  Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է առարկություն՝ նշելով, որ պետական գանձապետական պարտատոմսերի հաշվին դեֆիցիտի ֆինանսավորումը 2020թ. նախատեսվում է իրականացնել 255.0 մլրդ դրամով` ՀՀ պետական բյուջեի սկզբնական հաստատված 145.0 մլրդ դրամի դիմաց, իսկ  02.09.2020թ. դրությամբ ՀՀ պետական գանձապետական պարտատոմսերի հաշվին դեֆիցիտի ֆինանսավորման ծրագիրը ՀՀ կառավարության որոշումներով արդեն իսկ ավելացվել է 99.7 մլրդ դրամով և կազմում է 244.7 մլրդ դրամ, ինչը նշանակում է, որ ՀՀ պետական գանձապետական պարտատոմսերի հաշվին դեֆիցիտի ֆինանսավորման ծրագիրը հնարավոր է ավելացնել առավելագույնը 10.3 մլրդ դրամով:

Ֆինանսների նախարարությունն առաջարկել է՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և այն, որ այլ ֆինանսավորման աղբյուրները բացակայում են, այս տարվա համար սահմանել 9 ամսվա ֆինանսավորման ծավալը (9,719,325.6 հազար դրամ), պայմանով, որ ՀՀ պետական գանձապետական պարտատոմսերի շուկայում տեղի ունեցող զարգացումներին զուգահեռ՝ տարվա և ինն ամսվա համար նախատեսված գումարների տարբերության (3,239,775.2 հազար դրամ) գանձապետական պարտատոմսերի հաշվին ֆինանսավորման հնարավորությանն անդրադառնան նոյեմբեր ամսին:

Ֆինանսների նախարարության ներկայացրած այս առարկությունից ակնհայտ է դառնում, որ տարվա 9-րդ ամսում ոչ միայն ծանրաբեռնված է Կառավարության պահուստային ֆոնդը, ինչի մասին մի քանի անգամ Կառավարության նիստերի ժամանակ բարձրարձայնել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, այլ նաև ծանրաբեռնված է պարտատոմսերի հաշվին դեֆիցիտի ֆինանսավորման ծրագիրը,  և այն հնարավոր է ավելացնել առավելագույնը 10.3 մլրդ դրամով, որից  էլ, փաստորեն, մոտ 10 միլիարդ դրամն այժմ անհրաժեշտ է Պաշտպանության նախարարությանը։

Ստացվում է՝ ՀՀ պաշտպանության նախարարությանն անհրաժեշտ է գումար, որը պետությունը կարող է հատկացնել միայն ու միայն ներքին պարտքի ավելացման հաշվին, քանի որ ֆինանսավորման այլ աղբյուր չունի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել