Tert.am-ը գրում է.

Եթե անգամ Ադրբեջանի իշխող վարչակազմը անվտանգության երաշխիքներ չտա Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանին և նրա համախոհներին, միևնույն է, նա կփորձի առաջադրվել առաջիկա նախագահական ընտրություններին ու հասնել Բաքու: Tert.am-ի հետ զրույցում այս մասին վստահեցրեց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահը և նշեց, որ իր առաջադրման հարցը գնում է բնականոն հունով՝ օրենքի պահանջներին համապատասխան:

«Իմ համախոհների կողմից արդեն իսկ առաջադրվել եմ, հիմա փորձում ենք ամեն ինչ անել պաշտոնապես գրանցվելու համար: Ամեն ինչ Ադրբեջանի պատասխանից է կախված: Բայց ես թեկնածու եմ այնպես, ինչպես Ռուստամ Իբրահիմբեկովը, որը նույնպես վտարանդի է: Մենք ամեն օր սպասում ենք, որ Բաքվից ստանանք անվտանգության երաշխիքներ»,- ասաց Այվազյանը:

Նշենք, որ դրամատուրգ, ռեժիսոր Ռուստամ Իբրահիմբեկովն ապրում է հիմնականում Ռուսաստանում և վերջերս է հրաժարվել Ռուսաստանի իր քաղաքացիությունից՝ Ադրբեջանի առաջիկա նախագահական ընտրություններին առաջադրվելու համար:

Նշենք նաև, որ Ադրբեջանում նախագահական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի կեսերին, իսկ թեկնածուների պաշտոնական գրանցումները կսկսվեն դրանից կարճ ժամանակ առաջ:

Հարցին, թե Ադրբեջանի օրենսդրությունը թու՞յլ է տալիս, որ երկար տարիներ այնտեղ չբնակված քաղաքացին առաջադրվի, Գրիգորի Այվազյանը պատասխանեց, որ ինքը վտարանդի է և մինչ օրս չի հրաժարվել իր բնակավայրից և դուրս չի եկել հաշվառումից:

«Ուստի առաջադրումը օրենքի սահմաններում է, և այն կախված է իշխող կլանի քաղաքական կամքից: Եթե չվախենան իրական ընդդիմությունից, ապա թույլ կտան մասնակցել»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել