168.am-ը գրում է․

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Երևանի պետական համալսարանի ուսանողները սեպտեմբերի 15-ին ԵՊՀ-ից երթով շարժվել էին դեպի Կառավարության շենք՝ պահանջելով մասնակի փոխհատուցել ուսման վարձերը՝ պայմանավորված նոր կորոնավիրուսի համավարակի պատճառով ստեղծված իրավիճակով: Նրանք ակնկալում են մինչև 25 տոկոս զեղչել, բայց ոչ՝ 5 կամ 2 տոկոս:

Տնտեսական կյանքի անկման պայմաններում ԵՊՀ առաջին կուրսեցիների համար վարձավճարները բարձրացել են 70.000-ից մինչև 160.000 դրամով:

Ուսանողները նաև ստորագրահավաք էին սկսել, որին մասնակցել է մոտ 5000 հոգի՝ Հայաստանի բոլոր բուհերից։ Նրանք նամակը փոխանցեցին կառավարությանը, որ հնարավորինս շուտ խնդրին լուծում տան: ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանին հանձնեց նամակը և ստորագրությունները։ Նա նշեց, որ նոր ուսումնական տարին արդեն սկսվել է, շուտով պետք է վճարվեն վարձավճարները, այդ պատճառով, որքան հնարավոր է, շուտ են ակնկալում պատասխան:

«Առաջիկա օրերին վարչապետի մոտ նոր քննարկումների շարք է սկսվելու սոցիալ-տնտեսական անելիքների վերաբերյալ։ Եվ մենք ձեր նամակն անպայման հիմք կընդունենք որոշումների կայացման համար։ Կարծում եմ՝ օգտակար կլինի ձեզ հետ համագործակցել այդ առումով»,- ասել էր Նաիրի Սարգսյանը։

168.am Դավիթ Ափոյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք Կառավարությունից արձագանքել են ուսանողների պահանջին, վերջինը պատասխանեց.

«Ես անձամբ չեմ ստացել, բայց երբ գնամ համալսարան՝ կփորձեմ ճշտել: Ես ասել էի՝ եթե մինչև ուրբաթ չհասցնեն, վարձերը չվճարած ուսանողներին, հնարավոր է՝ դուրս թողնեն: Հիմա կարող է՝ գրավոր հրահանգ չի եղել, բայց ներքին պայմանավորվածություն է եղել, դա պետք է ճշտեմ: Եթե հանկարծ բացասական պատասխան եղավ՝ այդ մասին անպայման հրապարակային կխոսեմ»:

ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահը փոխանցեց, որ սեպտեմբերի 15-ից հետո այլևս ոչ մի կապ չի եղել կառավարության հետ, իրենք նոր առաջարկ չեն ներկայացրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել