Impoqrik.am-ը գրում է.
Մայրիկները, որքան հնարավոր է շուտ, ցանկանում են երեխաներին վարժեցնել գիշերանոթին:
Սիրելի՛ մայրիկներ, հիշե՛ք՝ նախքան այդ երեխաները պետք է որոշակի ֆիզիկական և հոգեբանական պատրաստություն անցնեն: Հետագայում խնդիրներից ու բարդույթներից խուսափելու համար հարկավոր է ընտրել հարմար պահը և ժամանակից շուտ երեխային չմղել այնպիսի գործողությունների, որոնց նա դեռ պատրաստ չէ:
Ինչպե՞ս սովորեցնել երեխային օգտվել գիշերանոթից՝ մտահոգիչ հարցի պատասխանը փորձել ենք պարզել մանկաբույժ Մարի Դարակչյանից:
-Ինչու՞ են մայրիկները շտապում երեխային սովորեցնել օգտվել գիշերանոթից։
-Գիշերանոթի օգտագործումը նոր հմտություն է երեխայի համար, և շատ կարևոր է, որ սովորեցնելիս ծնողները չցուցաբերեն շտապողականություն՝ նպաստելով երեխայի մոտ սթրեսային վիճակի զարգացման: Պետք է լինել համբերատար, օգնել, որ բալիկը կարողանա ճիշտ անցնել այդ ուղին: Այսինքն՝ երեխան պետք է լինի առավել գիտակից տարիքում, երբ հնարավոր կլինի կոնտակտ հաստատել նրա հետ:
-Ո՞ր տարիքից երեխաները կարող են օգտվել գիշերանոթից։
-Հասկանալու համար, թե որ տարիքից է գիշերանոթի օգտագործումը առավել խելամիտ և ցուցված, պետք է հասկանալ մի քանի ֆիզիոլոգիական հատկություններ: Պետք է գործընթացը սկսել այն ժամանակ, երբ երեխան պատրաստ է, իսկ եթե պատրաստ չէ, չի կարելի ստիպել նրան դա անել: Ծնողների կարծիքով՝ երեխաներին գիշերանոթին սովորեցնել պետք է 2-2.5 տարեկանում, սակայն իրականում չկա որևէ հստակ ժամանակ: Օրինակ՝ 1 տարեկանում շատ երեխաներ դադարում են գիշերը կեղտոտել, 2-ում որոշները մնում են չոր օրվա ընթացքում, 3 տարեկանում 10-ից 9-ը գիշերվա ընթացքում չի թրջում տակը: Երբեմն կարող են լինել որոշակի շեղումներ, այսինքն՝ հնարավոր է՝ երեխան տակը անի, երբ, ասենք, հոգնած է կամ ջղայնացած, կամ սթրեսային վիճակում է: 4 տարեկանն այն տարիքն է, երբ երեխաները, վստահաբար, կարող են լինել չոր օրվա ընթացքում (սա վերաբերում է ցերեկային ժամերին):
Երեխային գիշերանոթին պետք է սովորեցնել այն ժամանակ, երբ կան հստակ նշաններ, որոնցից կարելի է հասկանալ, որ նա կարողանում է կառավարել իր միզապարկը.
1-ին նշան՝ երեխան արդեն կարողանում է հասկանալ՝ երբ է թաց կամ երբ է տակդիրը լիքը:
2-րդ նշան՝ երեխան միզելու ցանկության մասին ասում է մայրիկին կամ արդեն արած լինելու դեպքում տեղեկացնում է դրա մասին:
3-րդ՝ միզում է 1 ժամ ընդմիջումով:
4-րդ՝ երեխան թաքնվում է, երբ պետք է միզի։
Ի դեպ, որոշ ծնողներ կարծում են,որ ավելի հեշտ է գիշերանոթին սովորեցնելու գործընթացը սկսել ամռանը, երբ հեշտ է դառնում հագուստ փոխելը կամ սկսել այն ժամանակ, երբ փոփոխություններ չեն կատարվում ընտանիքում, առօրյայում։ Հակառակ դեպքում երեխան կհայտնվի սթրեսային վիճակում։
Ես համակարծիք եմ ծնողների հետ այն առումով, որ ամառային ժամանակահատվածը հեշտացնում է զգեստափոխությունը: Երեխան պետք է զգա, որ թաց է: Մինչև նա չզգա դա, իր մոտ չի ձևավորվի ռեֆլեքս և չի կարող հսկել միզապարկի աշխատանքը: Իսկ ձմռանը գործընթացը ավելի է դժվարանում, երբեմն ժամանակից ուշ է ստացվում փոխել շորերը, ծնողները հապաղում են, ուշացնում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ