Երկրի ղեկավար վարչապետը կամ երկրի ղեկավար նախագահն այն պաշտոններն են, որը զբաղեցնող յուրաքանչյուր անձ գրեթե ամբողջությամբ օբյեկտիվորեն զրկվում է անձնական դաշտի անձեռնմխելիությունից՝ պահպանելով դրա ամենամինիմալ ծվենները միայն: Ու դա նորմալ է, այդպես պետք է լինի: Նման բարձր պաշտոնը մեծ զոհողություններ է ենթադրում և մեծագույն հրապարակային հաշվետվություն:
Եվ հենց այդ համատեքստում է նաև, որ վարչապետի անձը կամ ընտանիքը հանդիսանում են հասարակական կամ անհատական քննադատությունների լեգիտիմ թիրախ: Այդ համատեքստում է, որ վարչապետի անձի յուրաքանչյուր հանգամանք կարելի է քննադատել, որովհետև վարչապետը սովորական քաղաքացի չէ, սովորական մարդ չէ այլևս, այլ՝ պետության խորհրդանիշ և ներկայացուցիչ: Նրա տունը հասարակության ձեռքով կառուցված բեմն է, իսկ անձնական և ընտանեկան կյանքը լուսարձակների տակ պետք է անցնի: Երկրի ղեկավարը, պաշտոնը ստանձնելով, բարոյական հարթությունում պարտավոր է հրաժարված լինել անձնական որևէ գաղտնիքից, որևէ վիրավորանք անձնական ընդունելուց կամ անձնավորվելուց: Այդպես է բռնատիրություն չհանդիսացող բոլոր երկրներում:
Բռնատիրություն չհանդիսացող երկրներում մեկ այլ կարևոր հանգամանք է գործում. երկրի ղեկավարը գիտակցում է իր պաշտոնի, ինչպես ասում են Արևմուտքում, «գրասենյակի» բեռը, արժեքն ու ակնկալվող վեհությունը և իրեն թույլ չի տալիս մանրանալ, հակառակորդների հարցում անձնականացնել ամեն բան, բամբասկոտ էակի պես անցյալից կոմպրոմատներ հանել հրապարակ և բոլոր նրանց, որոնցից օգտվել է, գործընկեր դարձել, հետո` թշնամացել, պետության լծակների ընձեռած հնարավորություններն օգտագործելով` մրոտել, կեղտոտել ու շարքային բանսարկուի պես անվանարկել:
Ես վերջին մարդն եմ, որ կպաշտպանի տվյալ մեղադրանքի հասցեատիրոջը, բայց որպես քաղաքացի` ցավում եմ և ամաչում, որ Հայաստանի ղեկավարն այսքան նվաստացնում է սեփական պաշտոնը և մշտապես իջնում հակառակորդների կեղտոտ լվացքը արևին փռող թաղային կենցաղագետի մակարդակի:
Ամաչում եմ նաև, երբ նա դա անում է այլոց` իր մանկլավիկների ձեռամբ և շուրթերով:
Իրեն հարգող ցանկացած պետության համար սա ամոթ է:
Պետական, անգամ ազգային ամոթ:
Ամաչո՞ւմ ենք արդյոք մենք: Իհարկե ո´չ: Անամոթությունը մեզ համար հանդուրժելի, ընդունելի երևույթ է այլևս:
Վաղը բոլորով հաստատ ամաչելու ենք: Ամաչելու ենք նրա համար, որ նման ամոթալի իշխանություն ենք հանդուրժել: