News.am-ը գրում է.

Դիմակների մասով հետեւում ենք պարետատան, հիմա առողջապահության նախարարության կողմից սահմանված ցուցումներին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ԿԳՄՍ նախարարությունը չի քննարկում 6-12 տարեկան աշակերտների համար դիմակ կրելու պարտադրանքը հանելու հարցը:

«Այս շաբաթվա ընթացքում իրավիճակին կհետեւենք: Ասել ենք, որ ուղեցույցը հնթացս կարող է փոփոխությունների ենթարկվել: Դիմակներ կրելու հետ կապված բողոքներ չենք ստացել, այս առումով լարվածություն չենք տեսնում դպրոցներում: Մենք ուղիղ աշխատում ենք ԱՀԿ-ի հետ, առողջապահության նախարարության հետ»,-ասաց նա:

Նախարարը նկատեց, որ դպրոցներում 1-12 դասարաններում սովորողները մեր ընտանիքներում, մեր հարազատների ընտանիքներում մեծացող երեխաներ են:

«Ես չգիտեմ, թե ինչ խելագարության կանխավարկածով պետք է առաջնորդվենք՝ մտածելու, որ նախարարությունն ընդունել է մի այնպիսի կանոնակարգում, կամ առողջապահության նախարարությունը տվել է այնպիսի  ցուցումներ, որն ազդելու է մեր սերունդների առողջության վրա: Ես այս խելագայության կանխավարկածը չեմ կարողանում հասկանալ: Սա լուրջ չի եւ լրատվամիջոցների կողմից, նաեւ ԱԺ մեր որոշ գործընկերների կողմից սա տիրաժավորելը նույնպես լուրջ չի: Երեխաներին մի դարձրեք ձեր քաղաքական օրակարգերի հարց, որովհետեւ դա վտանգավոր տեղ է տանում»,-ընդգծեց Արայիկ Հարությունյանը:

Նա կոչ արեց լրատվամիջոցներին զոհ չգնալ տարաբնույթ ֆեյք էջերում ստեղծվող նյութերին. «Մենք, իհարեկ, հետեւելով ընթացքին, տեսնելով, թե ինչ խնդիրներ են առաջանում, փոփոխություններ կանենք, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Այս պահին այդ անհրաժեշտությունը չկա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել