ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ ԱՆ «Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲ ընկերությունում առերևույթ կատարված չարաշահումների դեպքերի մի շարք հանգամանքներ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ «Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենը, 2001 թ.-ից մինչև 2018 թ. մայիսը զբաղեցնելով նշված պաշտոնը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, նշված ՓԲ ընկերության աշխատակիցներին հասանելիք հավելավճարների և պարգևավճարների նկատմամբ ունենալով կառավարման լիազորություն, 2010-2018 թթ. ընկած ժամանակահատվածում կենտրոնի հաշվապահների օժանդակությամբ յուրացրել է իմունոարյունաբանության  լաբորատորիայի, սեռոլոգիական և մանկական բաժանմունքների աշխատակիցների հասանելիք հավելավճարների  ու պարգևավճարների 50 տոկոս, ընդհանուր՝  26.514.391 ՀՀ դրամ առանձնապես խոշոր չափերի գումարը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ «Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Նախաքննության ընթացքում վերջինիս կողմից պատճառված վնասը վերականգնվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել