Yerevan.today-ը գրում է․

Տասն օր առաջ Արմավիրում և Երևանում  մասսայական թունավորման դեպքով տուժած 49 անձանցից մեկը երիտասարդ կին է՝ 42 տարեկան, Երևանից: Երկու շաբաթ առաջ շտապօգնության ահազանգով Հերացու անվան թիվ մեկ կլինիկա տեղափոխված կինն այլևս կույր է, ունի ախտահարված օրգաններ,  բժիշկները նրա վիճակը գնահատում են անհուսալիորեն ծանր, բայց շարունակում են պայքարել կյանքի համար:

Ի դեպ, նույն հիվանդանոցում մահվան երկու դեպք է գրանցվել անցած շաբաթ, երկուսն էլ տղամարդ:

Հիվանդանոցի մասնագետները խիստ անհանգստացած են, բացի այն, որ մահաբեր մեթալն ագրեսիվ թույն է ու չունի իր հակաթույնը , պարզվում, է, չկա նաև բժշկության մեջ դրա թունավորման դեպքի համար որոշակիացրած պրոտոկոլ: Բացի այդ,  թունավոր տեխնիկական սպիրտի շրջանառությունը կանխված չէ, հայտնի չէ սկզբանղբյուրը, հետևապես՝  չեզոքացված չէ վտանգը:  Մասնագետները  առաջիկա օրերի համար ամենևին էլ չունեն դրական կանխատեսումներ: Հակառակը՝ սպասվում է, որ նույն թունավոր սպիտրից պատրաստված ալկոգելից առաջիկայում կգրանցվեն թունավորման ծանր նոր դեպքեր:

Ի դեպ, այս մաիսն խոստովանում է նաև թունավորման դեպքով կալանավորված Ավետիք Վարդանյանի փաստաբան Վարդգես Գևորգյանը, ով Yerevan.Today-ին տված հարցազրույցում պատմում է, թե քանի անգամ է իր պաշտպանյալը գնել սպիրտը ու դրանից ալկոգել ստացել. Կնշանակի՝  այդ ալկոգելը դեռևս շուկայում է ու տարածվում է լայնորեն, իսկ պատկան մարմինները հրատապ միջոցառումներ չեն ձեռնարկել ազգային անվտագության սպառնալիք դարձած թունավոր սպիրտի իրացման ճանապարհներն հայտնաբերևելու ու վտանգավոր տարածումը կնախելու համար:

Հերացու անվան թիվ 1 հիվանդանոցի կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Իրինա Մալխասյանը Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց․ «Հենց առաջին օրը, երբ այս կնոջ մոտ տեղի ունեցավ կլինիկական մահվան հետ կպված միջադեպը, և մեթանոլի թունավորման կասկած հարուցվեց, անձամբ ես տեղեկացրել եմ իրավապահ մարմիններին, ոստիկանություն, որ այսպիսի դեպք ունենք՝ խնդրանքով, որ հնարավորինս արագ բերեք ուղեգիր, սանկցիա, որ տուժածի միջավայրերը, արյունը, մեզը շատ արագ հետազոտվեն մեթանոլով թունավորման համար։ Պատասխանը չկար մինչև երեկոյան 6-ը։ Այդ ժամանակ կրկին կապնվում եմ ոստիկանության հետ, հետո քննիչի հետ, որին հանձնարարված էր գործի վարումը։ Ստացա մի պատասխան, որն ինձ ապշեցրեց՝ «Ի՞նչ եք ասում, տիկին, մենք ոչ մի միջավայր չենք հետազոտում, ընդունված չէ, մենք պարտավոր չենք․․․»։ Ընդհարվեցինք։ Դա ինձ դրդեց դատաբժշկական հանձնաժողովի նախագահի հետ հստակեցնել իրավիճակը։ Մեթանոլով թունավորման եզակի հակաթույնը էթանոլն է՝ սպիրտը։ Ինձ պետք էր հստակեցնել, որ դա մեթանոլ է, որ ես իրավասություն ունենամ մարդու օրգանիզմ լցնել կես լիտր էթանոլ։ Ոչ ոք չի հասկանա որ ես ծանր վիճակով գտնվող հիվանդի օրգանիզմ ինձ թույլ եմ տալիս լցնել կես լիտր արաղ։ Իմ գործողությունը կլինի ոչ հիմնավորված, եթե փաստաթղթային հիմք չունեմ։ Հետո պարզվեց, որ նույն ժամանակ հիվանդները մահացել են, դիահերձումը հաստատեց մեթանոլը, հետևաբար՝ մեզ մոտ էլ է մեթանոլ։ Բայց ինչո՞ւ դիահերձման ժամանակ պետք է հայտնաբերվի մեթանոլը, եթե կարելի է հիցվանդին դեռ կենդանության օրոք հստակեցնել։ Մինչև հիմա էդ հարցը լուծում չի ստացել»։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել