Իսրայելի կառավարությանն անցած 2 ամիսների ընթացքում այդպես էլ չհաջողվեց զսպել նոր կորոնավիրուսի երկրորդ ալիքի ահագնացող ծավալները. չափավոր սահմանափակումներով տարաբնույթ մարտավարական մոտեցումները չկարողացան կանխել համաճարակի տարածումը:
Վերջին օրերին Իսրայելում նոր վարակակիրների թիվն անցնում է այդ երկրի համար ռեկորդային՝ 4000 թիվը (վարակակիրների ընդհանուր թիվը մոտ 145 000, մահացածներինը՝ շուրջ 1100):
Նման պայմաններում հատկապես երկրում սպասվող Հրեական ամանորին (Ռոշ Հաշանա) ընդառաջ իշխանությունները դիտարկում են խիստ կարանտին սահմանելու հնարավորությունը, որի շուրջ վերջնական որոշում կկայացվի ընթացիկ շաբաթվա ավարտին:
Ենթադրվում է, որ կարանտինը լինելու է 2 երկշաբաթյա փուլերով, առաջինը՝ համեմատաբար խիստ սահմանափակումներով՝ ընդհուպ մինչև մարդկանց տեղաշարժի հետ կապված: Հարաբերական արդյունավետության պարագայում երկրորդ երկշաբաթյա ժամանակահատվածում կմշակվեն սահմանափակումների աստիճանական չեղարկման հնարավոր սցենարները: