ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախապատրաստված նյութերով  փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Գավառ քաղաքի  «Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը, հանդիսանալով պետական մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, այդ կերպ չարաշահելով իր պաշտոնեական դիրքը՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դիտավորությամբ, 2006-2020 թվականների ընթացքում 8 անձանց հրամանագրել է դպրոցի տարբեր հաստիքներում։

Ինչպես տեղեկացնում է ԱԱԾ մամուլ կենտրոնը, հիշյալ աշխատակիցները չեն հաճախել և չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները, ուստի՝ յուրացման եղանակով, հափշտակել է վերջիններիս անվամբ պետական բյուջեի միջոցներից տարիների ընթացքում դուրս գրված շուրջ 37.665.128 ՀՀ դրամ գումար:

Միաժամանակ, փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ հիշյալ դպրոցի տնօրենը, 2008-2019 թվականների ընթացքում չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, դպրոցում սովորող 11 անձանց կողմից տևական ժամանակով ՀՀ-ից բացակայելու և դպրոց չհաճախելու պայմաններում չի կատարել իր գործառութային պարտականությունները և սահմանված կարգով չի հեռացրել  դպրոցից: Ավելին՝ ուսուցչական անձնակազմին հրահանգել է անտեսել նրանց բացակայությունները, դասամատյաններում կեղծ գրառումներ կատարել և վերջիններիս տրամադրել է հիմնական կամ միջնակարգ կրթության մասին պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ավարտական կեղծ վկայականներ։

Հիշյալ գործողությունների արդյունքում հեղինակազրկվել է պետական կազմակերպությունը, խաթարվել են հանրակրթության բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքները, որով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:

Քրեադատավարական թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ՝ հանցավոր սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի արարքն անհատականացնելու, պետական կազմակերպությանը կամ համայնքին պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել