PanARMENIAN.Net-ը գրում է.
Եվրոպայում ամենաազդեցիկ քաղաքական գործիչները՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, դեմ են արտահայտվել նոր համընդհանուր կարանտինի սահմանմանը։ BBC-ի փոխանցմամբ՝ Եվրոպան պատրաստվում է կորոնավիրուսի երկրորդ ալիքին և առաջին ամբողջական ձմռանը կորոնավիրուսի համաճարակի ժամանակ և վճռական է խուսափել հերթական տոտալ կարանտինից։
Աղբյուրը գրում է, որ Եվրոպան որոշել է օրինակ վերցնել Շվեդիայից և չմեկուսանալ վիրուսից ձմռանը։
Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանզան նույնպես հայտարարել է, որ բացառում է նոր կարանտինը աշնանը և ձմռանը Իտալիայում։ Առանց կարանտինի համաճարակը սանձելուն կողմ է արտահայտվել նաև Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցը։
Կարանտինը շատ թանկ է նստել եվրոպացիների վրա, ուստի քաղաքական գործիչները փաստարկներ են բերում ոչ թե վիրուսից մեկուսանալու, այլ վիրուսի հետ ապրելու օգտին:
Նշվում է, որ որ պետք է հաշվի առնել նաև, որ բժշկությունը, բիզնեսը և մարդիկ աստիճանաբար ադապտացվում են վիրուսի հետ ապրելուն՝ դնում են դիմակներ, լվանում են ձեռքերը, պահում են հեռավորություն, աշխատում են տնից։