«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը որքան էլ «զզվում» է որոշ նախկիններից, բայց նաեւ «գժվում» է ոմանց համար։ Մի կողմից՝ իրավապահների միջոցով թուրն առել-ընկել է ՀՀԿ-ական մի շարք գործարարների հետեւից, երեկ էլ մեղադրանք առաջադրվեց Մհեր Սեդրակյանին՝ թաղապետի պաշտոնում չարաշահումների համար, մյուս կողմից՝ հերթական արտոնությունն է կազմակերպում Սամվել Ալեքսանյանի համար։

Կառավարությունը խորհրդարան է ներկայացրել «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ, որով առաջարկում է սահմանված ցանկը համալրել տեքստիլ արդյունաբերության մեջ օգտագործվող նյութերով եւ ապրանքներով, ինչպիսիք են, օրինակ, սինթետիկ թելերը, մանվածքները, կարի թելերը, գործվածքները եւ այլն։

Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ օրենսդրական այս փոփոխությունն արվում է իշխանության սրտի գործարար Սամվել Ալեքսանյանի համար, որպեսզի նրա տեքստիլի բիզնեսի հումքն ԱԱՀ-ով չհարկվի։ Իհարկե, չհարկվող ապրանքների շարքում տեղ են գտել նաեւ միջատներ՝ գիտահետազոտական նպատակներով, ինչպես նաեւ հնդկահավի կամ սագի բեղմնավորված ձվեր, սակայն մեզ վստահեցնում են, որ օրենքը «կարվում» է հատուկ Լֆիկի «հագով»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել