Հայաստանի վարչապետը բոլորովին մեղավոր չէ, որ պոլո շապիկը` polo shirt, կյանքում առաջին անգամ հագնողի պես կոճկում է մինչև կոկորդ և մինչև վերջին կոճակը: Այնքան էլ մեղավոր չէ, որ նույն շապիկներն ու ամեն պարզ շապիկ` T-Shirt, խցկում է շալվարի տակ, ամեն ինչ հայկական դասական ռաբիսի ոճով կիպ է հագնում` в облипон՝ ի ցույց դնելով բազում տղամարդկանց մոտ հանդիպող ճարպային կուտակումները կրծքավանդակում, այնքան էլ մեղավոր չէ, որ կոմպոզիտային նյութեր կիրառող ատամնաբուժության դարաշրջանում դեռևս ներկայացնում է Հայաստանը մի քանի ոսկե ատամներով, կամ որ չի խորշում տեսախցիկների առջև անհագորեն հայրենական ավանդական ագրոսնունդ կլանել: Փաշինյանն ու իր տիկինն անգամ շատ մեղավոր չեն, երբ տիկինը կա´մ իսկական Պատեկ Ֆիլիպով` Patek Philippe, կամ այլ բրենդի, իսկ իմ կարծիքով` այդ բրենդերից մեկի կեղծ ժամացույցով է ներկայանում Ինստագրամում:

Սրանք քաղաքական թեմաներ չեն, թեև ուղղակի ազդում են Հայաստանի թե´ ներքին և թե´ արտաքին քաղաքական ընկալման վրա: Ինձ համար ամենակարևոր թեման այս ամենում այն է, որ նման մարդը շարունակում է կառավարել, երկրի նվիրյալներին բանտերում, իսկ հանցագործներին` ազատությունում պահել, որ իր մակարդակում խորհուրդներ է տալիս ծխելու և խմելու հաշվին հարկեր մուծելու մասին, որ, հանուն ֆինանսա-տնտեսական ինչ-որ շահերի,  ամեն գնով փորձում է բացել Ամուլսարը, և որ նրան ներվում է առայժմ հինգ գերիներին փոխաբերական առումով դավաճանելը:

Փաշինյանն իր ճաշակում, վարքագծում, որակներում մեղավոր չէ: Մարդն այդպիսին է, և պետք է հասկանալ ու ընդունել, որ տեսակ կա, որ չի առաջադիմում, հարստության և ահռելի իշխանությանը զուգահեռ, այնուամենայնիվ, չի հղկվում, չի քաղաքակրթվում, չի առաջադիմում:

Մեղավոր են և արդեն անգամ հանցավոր են նրանք, որ այդպիսի մարդուն հանդուրժում են երկրի ղեկավարի պաշտոնում, վստահում են իրենց և մեր կյանքերի ընթացքն ու ճակատագիրը, արդարացնում, պաշտպանում ու հաճախ պաշտում:

Եվ քանի կան այդպիսի մարդիկ մեզանում, Հայաստանի ղեկավարն իր ճաշակով, իր մակարդակով և իր աշխարհայացքով սեփական կերպարին համաձայն և սեփական կերպարին զուգահեռ երկիրը տանելու է դեպի սեփական մակարդակ և սեփական աշխարհ` դեպի խոր անդունդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել