Իհարկե, քաղաքացիական հասարակության կողմից ձեռք բերված հաղթանակը սակագների վերանայման համար պայքարում լրջագույն ձեռքբերում է, պետության կայացման կարևորագույն հանգրվան, սակայն փորձերը` շարժման ակտիվը համախմբել որևէ կառույցում, պարզապես անթույլատրելի են: Սա այն դեպքը չէ, երբ կառուցվածքային փոփոխությունները կարող են նպաստել շարժման ծավալմանը, որովհետև կառույցը ինքնին ենթադրում է շահերի համախմբում, որոշակի կոմպրոմիս` տարաբնույթ բևեռների միջև, ինչն իր հերթին նմանատիպ սոցիալական ակցիաները քաղաքացիականից վերածում է քաղաքականի: Մինչդեռ, որպես կանոն, քաղաքական ուժերի փոխհարաբերություններում սոցիալական այս կամ այն խնդրի վերաբերյալ հասարակական փոքրիկ բռնկումները ծառայում են իբրև մանրադրամ` մեծ առևտրի այս կամ այն դրվագը սպասարկելու համար: Ընդհակառակը, հասարակությունը իր լծակներով` ֆեյսբուքյան հարթակ, այս կամ այն հարցի շուրջ հասարակական համախմբում և այլն, պետք է ձգտի, որ քաղաքացիական ընդվզումը դառնա ապրելակերպ հասարակության բոլոր շերտերի համար` անկախ նրանց քաղաքական, սեռային կամ ռասսայական պատկանելության: Հասարակական բողոքի ալիքը պետք է բռնկվի առանց քաղաքական պրոցեսների խմորման, պարզապես հասարակությունը, իր նորմալ գոյատևման գիտակցության համատեքստում, պետք է ընդվզի այն բոլոր կամայականությունների դեմ, որոնք խախտում են ընդհանուր համակեցության կանոնները... Հետևաբար, հասարակական շարժումների կառուցվածքային ձևավորման քարոզչության փոխարեն անհրաժեշտ է հասարակության կենսագործունեության հիմքերում արմատավորել ընդվզումը` որպես քաղաքացու կարևորագույն գործառույթ: Որ բոլորի մոտ ընդվզումը դառնա կամային հատկանիշ, կենցաղի անբաժանելի մաս: Յուրաքանչյուր քաղաքացու մոտ պետք է ձևավորել երկրի տերը լինելու և այդ ճանապարհը բոլորի հետ հարթելու բնավորություն: Նմանատիպ հասարակություններում հենց քաղաքացիներն են թելադրում քաղաքական ուժերի գործողությունների օրակարգը: Հայաստանում, կարծես, նմանատիպ հեռավոր միտումներ նշմարվում են...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/varuzhan.babajanyan/posts/592050784172954?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել